Ուկրաինայում Խարկովի ֆիզկուլտուրայի պետական համալսարանի ուսանող հայազգի Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տեղի ունեցած դեպքից հետո հիվանդանոցում է հայտնվել, գրում է ХарківTimes-ը:

18-ամյա Արթուրը, ով զբաղվում է ըմբշամարտով, սամբոյով և ձյուդոյով, հանրակացարանում ընկերացել է նույն սենյակում բնակվող ադրբեջանցի ուսանողի հետ, որը նրան իր մոտ այլ ադրբեջանցիների մասնակցությամբ պիկնիկի է հրավիրել: Տղայի հայրը՝ Սերգոն, պատմել է, որ Պիկնիկի ժամանակ Արթուրը վատ է զգացել, գնացել է իր սենյակ: Շուտով նրա ինքնազգացողության մասին տեղեկանալու պատրվակով նրա սենյակ են մտել պիկնիկին նրա հետ եղած ուսանողները: Սկսել են սենյակում ինչ-որ պայուսակներ ու անձնագրեր տեղադրել: Արթուրը հասկացել է, որ իր դեմ թակարդ են լարում և ենթադրել, որ փորձում են իր մոտ թմրանյութ գցել: Նա ձևացրել է, թե իբր չի հասկանում դա: Հենց որ Արթուրի նոր ծանոթները հեռացել են, նա կողպել է դուռը և սկսել պատուհանից դուրս նետել նրանց թողած իրերը:

Երևում է՝ դա տեսնելով երիտասարդները վերադարձել են, կոտրել դուռը և ծեծի ենթարկել նրան: Արթուրին հաջողվել է մոտենալ բաց պատուհանին և օգնություն կանչել, և հենց այդ ժամանակ էլ նրան դուրս են նետել: Ներքև ընկնելուց հետո Արթուրը հրաշքով ողջ է մնացել: Նա սողալով հասել է մոտակա ավտոկայանատեղին, որի պահակը ոստիկանութուն է ահազանգել: Ուսանողը հիվանդանոց է տեղափոխվել, նրա մոտ կոնք-ազդրային ոսկորի և կոնքոսկրերի կոտրվածքներ են հայտնաբերվել:

Սերգո Մարտիրոսյանի խոսքով՝ չարագործները, իմանալով, որ իրենց ընտանիքն ունևոր է, այդ կերպ փորձել են գումար շորթել իր տղայից: Նշվում է, որ 18-ամյա Արթուրը, ով զբաղվում է ըմբշամարտով, սամբոյով և ձյուդոյով՝ սպորտի վարպետ է, Ուկրաինայի 6-ակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն: Ապրիլին նա մասնակցել էր Կիպրոսում պատանիների Եվրոպայի առաջնությանը: Պատրաստվում էր մասնակցել Աշխարհի առաջնությանը:

 shamshyan.com