»»«Երկու երեխաների ծնողները թողել, գնացել են»․ փոքրիկները հագուստի, կոշիկի, պայուսակի և գրենական պիտույքների կարիք ունեն

«Երկու երեխաների ծնողները թողել, գնացել են»․ փոքրիկները հագուստի, կոշիկի, պայուսակի և գրենական պիտույքների կարիք ունեն

Գայանե Ղազարյանը բնակվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայքում թոշակառու մոր և եղբոր երկու անչափահաս երեխաների հետ։ Երեխաները երկուսն են․ աղջիկն 8 տարեկան է, իսկ տղան՝ 11։

Irakanum.am-ի հետ զրույցում երեխաների հորաքույրը՝ տիկին Գայանեն նշեց՝ իրենց տանն այժմ ոչ մեկը չի աշխատում, սոցիալական խնդիրներ ունեն։
 
«Երեխաների ծնողները թողել, գնացել են, ես եմ պահել նրանց։ Երբորս աղջիկը դեռ մեկ տարեկան էր, իսկ տղան՝ երեք, երբ եղբայրս թողեց, գնաց Ռուսաստան։ Երեխաների մայրն էլ է գնացել․ Վարդենիսի կողքի գյուղերից մեկում է ապրում։
 
Հիմա երկու երեխաներն էլ դպրոցական են։ Աղջկան մի տարի ուշ ուղարկեցինք դպրոց, քանի որ սոցիալական խնդիրներ կային։ Նա 8 տարեկանում է դպրոց գնացել։ Այդ ժամանակ շատ վատ վիճակում էինք։ Իհարկե, դիմեցինք որոշ կազմակերպությունների, մեզ աջակցեցին, այդ թվում՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ը։
 
Բարերարները, առհասարակ, բարի մարդիկ մեզ, իսկապես, շատ են օգնել։ Ֆրանսիացի բարերարներ կային, որոնք օգնեցին, տան որոշակի հատվածներ վերանորոգեցինք, երեխաներին մահճակալներ նվիրեցին․ շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցել են։
 
Մայրս թոշակառու է, հաշմանդամություն ունի, կոնքերը մաշված են, անկողնային ռեժիմով, միշտ պառկած է, քայլել չի կարողանում, անվասայլակով է տեղաշարժվում։ Ես աշխատանք չունեմ, բայց տարվա համապատասխան եղանակներին դաշտերում աշխատում էի։ Ցավոք, ընկա, ոտքս կոտրվեց, հիմա չեմ կարողանում դաշտում աշխատել։ Բայց, լինում եմ դեպքեր, երբ տուն մաքրելու գործ է լինում, գնում աշխատում եմ։ Այնպես որ, հիմնական աշխատանք չունեմ», – ասաց տիկին Գայանեն։
 
Նա պատմեց՝ նպաստ են ստանում՝ 31 000 դրամ, իսկ մայրը՝ հաշմանդամության կենսաթոշակ։
 
«Երեխաների մայրը նրանց հետ կապ չունի, ավելի քան 8 տարի է, ես եմ պահում երեխաներին։ Հայրն էլ Ռուսաստանում է, կին ունի։ Երկուսի հետ էլ կապ չունենք։ Երեխաների մայրն էլ այնպիսի ապրելակերպ չունի, որ երեխաներին իրեն վստահեմ, որ տանի, պահի, չնայած՝ չի էլ տանում, որ պահի երեխաներին, ասում է՝ գամ, տեսնեմ՝ գնամ։ Նա Վարդենիսի գյուղերից մեկում է ապրում։
Խնամալակության հետ կապված՝ դիմեցի քաղաքապետարան։ Ասացին՝ կարող ենք խնամակալությունը քեզ տալ, բայց երեխաների մայրը համապատասխան փաստաթղթերը չի տալիս․ հա՛մ երեխաներին չի պահում, հա՛մ խնամակալության համար փաստաթղթերը չի ուզում ստորագրել․ երեք ամիսը մեկ է գալիս, երեխաներն էլ նրա մոտ չեն էլ ուզում գնալ։
Երբ երեխաների հայրը՝ եղբայրս իմացավ այս ամենի մասին, զանգեց, ասաց՝ երեխաներին չտաս մորը, ես էլ ասացի՝ գոնե մի քիչ գումար ուղարկիր, որ երեխաներին պահեմ։ Դեռ չի ուղարկել, ասում է՝ գումար կաշխատեմ, կուղարկեմ։ Եղբայրս ասաց՝ Վարդենիսի տունն էլ թող մնա քեզ, միայն թե, երեխաներին պահիր, ես էլ ասել եմ՝ ինձ տուն պետք չէ, ինձ պետք է, որ երեխաները նորմալ, ապահով ապրեն։ Եղբայրս ասաց՝ մի բան կանենք, բայց դեռ ոչինչ չի արել», – ասաց Գայանե Ղազարյանը։
 
Տիկին Գայանեն նշեց՝ եղբոր երեխաները հիմնականում սննդի, հագուստի, կոշիկի կարիք ունեն։
 
«Տան համար մեզ ոչ մի բան պետք չէ։ Մեկ ամիս անց էլ վառելիքի կարիք կունենանք, քանի որ Վարդենիսում շատ ցուրտ է։ Դպրոց գնալու ժամանակ էլ էլի որոշակի խնդիրներ են ի հայտ գալիս․ շատ կուզենամ, որ երեխաներն ունենան համապատասխան հագուստ, կոշիկ, պայուսակ ու գրենական պիտույքներ․ ամենակարևորը երեխաներն են», – եզրափակեց տիկին Գայանեն։
2019-06-17T16:39:32+04:00June 17 16:20|Հասարակություն|0 Comments