Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը: Ոստիկաններին պետական սահման ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա ողջունել է ոստիկանության զորքերի ծառայողներին, մաղթել անփորձանք ու բարի ծառայություն:

Վալերիյ Օսիպյանը դիրքապահներին է փոխանցել նաև հանրապետության վարչապետի ողջույնները: Ինչպես ճանապարհման ամեն հանդիսավոր արարողության, այնպես էլ այս անգամ ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ աղոթել են ու երդվել: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենանվեր ծառայության համար:

Բարեխիղճ ծառայության համար մի քանի ոստիկանների նա պարգևատրել է կրծքանշաններով ու պատվոգրերով: Ոստիկանության պետը հանդիպել է նաև դիրքապահ ոստիկանների հարազատների հետ, որոն նույնպես եկել էին զորամաս:

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու, իսկ ընտանիքներին՝ համբերատար սպասելու համար և նշել, որ դիրքապահ ոստիկանները ոչ միայն իրենց ընտանիքների, այլև ողջ հայ ազգի հպարտությունն են: