»»Դիմելու եմ դատարան իմ իրավունքները պաշտպանելու համար. ոստիկանության պաշտոնյան՝ իրեն վերագրվող ապօրինությունների մասին

Դիմելու եմ դատարան իմ իրավունքները պաշտպանելու համար. ոստիկանության պաշտոնյան՝ իրեն վերագրվող ապօրինությունների մասին

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի եւ  տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Միհրան Դավթյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ տարբեր գործարարների հետ հանդիպումներ է կազմակերպում, եւ ինչ-որ կոռուպցիոն գործարքներ իրականացնում: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Դավթյանը,անդրադառնալով Ժամանակ օրաթերթի այն հրապարակմանը, թե ինքը գործարարներից, շինարարություն իրականացնողներից, տարբեր տնտեսվարողներից գումար է պահանջում: «Իրականությանը չի համապատասխանում, որեւէ գործարարի հետ որեւէ հանդիպում տեղի չի ունեցել: Անկեղծորեն զարմացած եմ, որ ինձ վերագրվել են այնպիսի երեւույթներ, որոնք ոչ միայն փաստարկված չեն, այլ հեռու են իրականությունից: Հոդվածում խոսք է գնում ինչ-որ թղթապանակների մասին, որոնք իբրև ես օգտագործում եմ տարբեր գործարարների դեմ, ուզում եմ ձեզ վստահեցնել, որ դա կեղծ տեղեկատվություն է »,- ասաց նա: Միհրան Դավթյանը նաեւ նշեց, որ ոստիկանությունը որեւէ մեկի հովանավորը չէ: Նշենք, որ ըստ հրապարակման Դավթյանը հին Հայաստանում եղել է Սերժի Վաչոյի հովանավորյալը:

Ինչ վերաբերում  է մեր հարցին, թե հոդվածում նշվում է, որ մի շարք բիզնեսներ ունեք, ոչ միայն Հայաստանում, այլ՝ արտերկրում, ապա Դավթյանն ասաց, որ դա եւս կեղծ տեղեկատվություն է: «Իմ հայտարարագիրը բաց է, որտեղ հստակ նշված է իմ ունեցած եկամուտը, որեւէ ապօրինի հարստացման մասին խոսք լինել անգամ չի կարող: Ես առաջին անգամ եմ լսում, որ ունեմ գործարան: Բացարձակ տեղյակ չեմ թե ում է այն պատկանում, միայն գիտեմ, որ «Ար Դելիկատես» ՍՊԸ-ն  երշիկ արտադրող ընկերություն է »,- ասաց Դավթյանը:

Ոստիկանության 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի եւ  տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետից հետաքրքրվեցինք, թե ունի ցանկություն դառնալ ոստիկանապետ, ինչպես նշվում է հոդվածում: Դավթյանն ասաց, որ ինքը իր աշխատանքային պարտականություններն է կատարում: «Ես այս ոլորտում  աշխատում եմ 90 ական թվականներից, եւ ինձ տեսնում եմ հենց այստեղ: Եղել է ինչ-որ փուլում աշխատել եմ ՊԵԿ-ում, հետո դարձյալ վերադարձել եմ ոստիկանության համակարգ: Իսկ վարչության կատարած աշխատանքի արդյունքները տալիս է ղեկավարությունը»:

Միհրան Դավթյանը նշեց, թե չի բացառում, որ իրականությանը չհամապատասխանող հոդվածը իրենց ամենօրյա անաչառ աշխատանքի հետեւանքն է: «Մենք պայքարում ենք կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործության դեմ: Մեր վարչության աշխատակիցների կողմից կատարված բացահայտումները նյարդայնացնում են շատերին: Եթե այդ հոդվածի մեջ կա գեթ մեկ փաստարկված տվյալ, ապա ես պատրաստ եմ բոլոր տեսակի պատիժների»:

Եզրափակելով Միհրան Դավթյանը նշեց, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, եւ ավարտից հետո ինքը դիմելու է դատարան՝ իր իրավունքները պաշտպանելու համար:

Irakanum.am

2019-06-15T13:23:39+04:00June 15 13:23|Հասարակություն|Comments Off on Դիմելու եմ դատարան իմ իրավունքները պաշտպանելու համար. ոստիկանության պաշտոնյան՝ իրեն վերագրվող ապօրինությունների մասին