»»Տեսչության պետը շուտով կազատվի՞ աշխատանքից

Տեսչության պետը շուտով կազատվի՞ աշխատանքից

Բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը տուգանվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Նրան տուգանելու առիթ է դարձել «Շանթ» հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցը, որտեղ բժիշկը, անդրադառնալով Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանն ու պատվաստանյութին՝ Գարդասիլին, ներկայացրել է այն, գրում է bujinfo.am-ը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադարձել է այս միջադեպին։

Նախարարը նշել է, որ սա շատ անհեթեթ վարչական վարույթ է։

«Նույն տրամաբանությամբ ինձ էլ պետք է տուգանեին, որովհետև ես էլ եմ խոսել այդ թեմայով։ Եւ ոչ միայն ես, հարյուրավոր մարդիկ խոսել են դրա մասին թե եթերում, թե եթերից դուրս»,- ասել է նա՝ նշելով, որ իր կարծիքով սա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից արված միտումնավոր քայլ է՝ հանրային առողջապահական ծրագրերի դեմ։

«Սա ինձ համար անընդունելի է, եւ երեկ տեսչական մարմնի խորհրդի ժամանակ այդ հարցը բարձրացրել եմ»,- ասել է Թորոսյանը։

Նա մասնավորեցրել է, որ թեեւ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Առողջապահության  նախարարության  ենթակայության տակ չէ, սակայն տվյալ խորհրդի նախագահը Թորոսյանն է։

«Եւ դա նման միտումնավոր գործելու միակ դեպքը չէ։ Այլ դեպքեր էլ կան, տեսչական մարմնի աշխատողների կողմից տարբեր բուժհաստատություններում կիսաահաբեկման գործողություններ են տեղի ունենում, թե ինչու եք պատվաստումն անում եւ այլն։ Այդ հարցը դրել եմ խորհրդի մարմնի նիստին, եւ խորհրդի անդամներով որոշել ենք տեսչական մարմնի պետի պաշտոնավարման հարցի քննարկումը ներկայացնել վարչապետին»,- նշել է նախարարը։

Թորոսյանն ասել է, որ այսպես չի կարող շարունակվել, երբ տեսչական մարմինը հակադարձ գործողություն է կատարում քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմնին։

«Այդ հարցը շատ լուրջ է, հետեւաբար, ես պետք է ներկայացնեմ վարչապետին»,- ասել է նա։

Նշենք, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պետը Էդգար Խուրշուդյանն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

2019-06-12T16:49:43+04:00June 12 16:35|Հասարակություն|Comments Off on Տեսչության պետը շուտով կազատվի՞ աշխատանքից