102-րդ ռազմաբազայի զինծառայողները ուշադիր հետեւում են Նախիջեւանի զորավարժություններին: Հունիսի  11-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

Նրա հավաստմամբ՝ տվյալ զորավարժությունները սպառնալիք չեն ներկայացնում:

«Դրանք պլանային զորավարժություններ են  եւ ամեն ինչ ընթանում է հայտարարված խնդիրներին համապատասխան», — նշեց նա:

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն, իր հերթին նշեց,  որ ՌԴ-ն որպես ռազմավարական գործընկեր շատ բան է անում, որպեսզի Հայաստանը իրեն անվտանգ զգա, իսկ մեր սերտ հարաբերությունները եւ Գյումրիում 102-րդ ռազմական բազայի գործունեությունը արտացոլում են Հայաստանի հետ հարաբերությունների մասին ՌԴ տեսլականը:

«Հայաստանը, որը միշտ եղել է հուսալի դաշնակից, պետք  է Ռուսաստանին, եւ Ռուսաստանը պետք է  Հայաստանին՝ ուժեղ եւ բարգավաճ», — ընդգծեց նա:

Կոպիրկինը հավելեց, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում կայունության օգտին:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ից 11-ը Նախիջեւանում տեղի է ունենում «Անխախտ եղբայրություն-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների վերջին փուլը: