Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ավագանու  որոշմամբ  Երևան համայնքը դարձել է աղբահանության երկրորդ օպերատոր,  ձեռք է բերվել հինգ «Կամազ»,  բայց աղբակույտերի թիվը, թեևս, այդպես էլ չի պակասում։ Լրատվամիջոցները և օգտատերերը գրեթե ամեն օր լուսանկարներ են հրապարակում մայրաքաղաքի այս կամ այն հատվածից, որոնցում նկատելի են մեծ աղբակույտեր։ Ընդ որում, Կենտրոն համայնքը ևս անման չի մնացել այս խնդրից․  աղբակույտեր կան նաև այդ  Կենտրոնում։
 
Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց․ «Շուրջ մեկ  կամ մեկ ու կես ամիս առաջ ավագանու նիստով հաստատվեց  այդ ՀՈԱԿ-ի  (Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն) ստեղծումը, որը պետք է դառնար երկրորդ օրերատոր և իրականացներ աղբահանություն։   Մոտ 15 օր առաջ  եթե չեմ սխալվում, քաղաքապետի մամուլի խոսնակը՝ պարոն Կարապետյանը  հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես ասվում էր, որ  աղբահանություն իրականացնող մեքենաներն արդեն դուրս են եղել աշխատանքի։  Իհարկե, ես մի փոքր լավ չեմ պատկերացնում՝ որտեղ են գրանցվել վարորդները, քանի որ որպես այդպիսին՝ ավագանին դեռ  նոր պիտի հաստատի հաստիքացուցակը, բյուջեն, այսինքն՝    այդ ՀՈԱԿ-ն ուղղակի  բացվել է, բայց որևէ բան չի արվել, հետևաբար ես չեմ հասկանում՝ վարորդներին որտե՞ղ են գրանցել, մեքենաներն ապահովագրվե՞լ են, թե՞ ոչ»։
 
Թեհմինա Վարդանյանն ընդգծեց՝ գործող  իշխանությունների հավաստմամբ՝  արդեն 15 օր է, ինչ  այդ մեքենաներն աշխատում  են, սակայն որևէ  փոփոխություն չկա։
 
«Ինքս երբեք այդ մեքենաներից չեմ տեսել քաղաքում, գուցե ուղղակի չեմ տեսել։ Հունիսի 26-ին  ավագանու հերթական նիստն է լինելու, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կքննարկվի  տվյալ ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը և բյուջեն», — ասաց Թեհմինա Վարդանյանը։
 
Հարցին՝ իսկ ինչպե՞ս է   իրականացնելու  աշխատանքի բաշխումը «Սանիթեք»-ի ու այդ ՀՈԱԿ-ի միջև, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց․ «Այդ պահին պատկերացում անգամ չունեմ,  թե գործող իշխանություններն ինչ ստրատեգիա են մշակել։   Ի սկզբանե չենք հավատացել, որ  քաղաքապետարանը, այսինքն՝ համայնքը կարող է պատշաճ իրականացնել այդ աշխատանքները, քանի որ սովորաբար  (այս պահին չենք խոսում «Սանիթեք»-ի մասին) մասնավորն ավելի լավ է իրականացնում այդ գործունեությունը։
 
Նմանատիպ կարծիք հայտնեց   նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այն ժամանակ,   երբ Կառավարության  նիստի   ընթացքում քաղաքապետը զեկուցում էր (եթե, իհարկե, դա կարելի է զեկուցել համարել), որ Կառավարությունը հավանություն տա մեկ անձից գնում  իրականացնելուն», —  ասաց Թեհմինա Վարդանյանը։
 
Հիշեցնենք՝  2019 թվականի ապրիլի 18-ի ն Կառավարությունը հավանություն տվեց «Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» որոշման նախագծին, համաձայն որի՝ մեկ անձից գնման ընթացակարգով Երևանի քաղաքապետարանը կկարողանա աղբատար ավտոմեքենաներ գնել: Նախագիծը մշակել էր Երևանի քաղաքապետարանը:
 
Մհեր Գրիգորյանը դեմ էր, որ պետությունը ներգրավվի որպես օպերատոր՝ ընդգծելով՝ եթե նոր մեքենաների բազայի վրա հետագայում որպես երկրորդ օպերատոր ստեղծվելու է աղբահանություն իրականացնող պետական հիմնարկ, ապա դա շատ վտանգավոր նախաձեռնություն է, դա շատ ավելի վատ է աշխատելու:
 
Հայկ Մարությանը, սակայն, նիստի ընթացքում  հակադարձեց Մհեր Գրիգորյանի պնդմանը և հայտարարեց, որ իրենք ուսումնասիրել են եվրոպական փորձը, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ համայնքը և պետությունը աղբահանության  աշխատանքները սկսել են մասնավորից կրկին իրենց ձեռքը վերցնել:
 
Թեհմինա Վարդանյանը նշեց՝ լուրջ կասկածներ ունի, որ համայնքը կկարողանա իրականացնել աղբահանության աշխատանքները։
 
Հարցին՝ իսկ հինգ «Կամազ»-ը կարո՞ղ է իրավիճակը  փոխել, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց․ «Իրավիճակ կարող է փոխել նույնիսկ մեկ «Կամազ»-ը, պարզապես, հարցն այն է՝ իրավիճակ փոխվե՞լ   է, թե՞  ոչ, որևէ պարբերություն կա՞,  թե՞ ոչ։ Ես կարծում եմ՝ չկա  տարբերություն։ Երեկ չէ առաջին օրը  Արաբկիր վարչական  շրջանում՝  Աղբյուր  Սերոբ  փողոցում, գիշերը ժամը չորսի   սահմաններում «Սանիթեք»-ի երկու աղբաման էր փայթեցվել։ Ոստիկանությունն էր այնտեղ ժամանել․․․ Չեմ էլ ուզում մտածել, որ որևէ մեկը նպատակային նման բան էր արել,  աննորմալ եմ համարում նպատակային նման բան անելը», — ասաց Թեհմինա Վարդանյանը՝ ընդգծելով՝ աղբականության խնդիրը գնալով խորանում է, իսկ ամռանը  այն ավելի  ցավոտ հարց   է դառնում։
 
«Բնական է՝ այդ  խնդիրն ամռանն ավելի է սրվում։ Եթե քաղաքապետարանը կտրուկ  միջոցներ չձեռնարկի, այսինքն՝  եթե գոնե քաղաքապետի նախընտրական խոստման  10 տոկոսը չիրականացվի, մենք ունենալու ենք խոլերիկ վիճակ։ Դեռևս ձմռանը  բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով այդ մասին մենք զգուշացրել ենք քաղաքապետին», —  եզրափակեց Թեհմինա Վարդանյանը։