Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ այցելել են Բերքլիի համալսարան։

Համալսարանի հովանու ներքո գործող «Sky Deck Accelerator» ծրագրի գրասենյակում  նախարար Հակոբ Արշակյանին ներկայացվել է «Sky Deck Accelerator»-ի գործունեությունն ու նպատակը։

Նշվել է, որ ծրագիրը գործարկվել է 2012 թվականին, ֆինանսավորվում  է մի շարք խոշոր ներդրումային հիմնադրամներից, տարեկան բյուջեն կազմում է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի նպատակն է օժանդակել ստարտափներին նախնական փուլում՝ 3 ամսվա կտրվածքով տրամադրելով 50,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Ստեղծման օրվանից մինչ օրս ծրագրի շրջանակներում օժանդակություն է ցուցաբերել զգալի թվով հայկական ստարտափների։ Ներկայում ևս մի քանի հայկական ստարտափներ դիմել են ֆինանսավորում ստանալու համար։

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է նաև Բերքլիի համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Էնալի Սաքսանյանը։
Նախարարին և տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին ներկայացվել է ֆակուլտետի ստեղծման պատմությունը, այստեղ իրականացվող կրթական քաղաքականությունն ու ծրագրերը։
Հակոբ Արշակյանն իր հերթին խոսել է անցած տարի մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաղթանակի, ՀՀ կառավարության կողմից բարձր տեխնոլոգիաները որպես առաջնահերթություն հռչակած քաղաքականության, այդ ուղղությամբ իրականացվող գործունեության ու ծրագրերի մասին։
Նախարարն անդրադարձել է նաև Բերքլիի համալսարանի հետ համագործակցության հնարավորություններին, ընդգծել աշխարհահռչակ նման հաստատության հետ կրթական ծրագրեր իրականացնելու կարևորությունը։