Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ մայիսի 31–ին,Եվրոպայի խորհրդի պաշտոնական պատվիրակության հետ կայացած հանդիպմանը քննարկվել են դատաիրավական բարեփոխումների առնչությամբ դատական իշխանության ներկայացուցիչների պատրաստակամությունը, դատական համակարգում առկա հիմնախնդիրները, դրանց շուտափույթ լուծման տեսլականը, ինչպես նաև այդ համատեքստում միջազգային կառույցների աջակցության ուղիները, որին մասնակցել են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը:

Պատվիրակության կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն պարոնայք Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Քաղաքական հարցերով տնօրինության քաղաքական խորհրդական Մաքսիմ Լոնգանգը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար տիկին Հաննե Յունկերը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան և Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ տիկին Լիլիթ Դանեղյանը:

Կողմերն ընդգծել են բարեփոխումների գործընթացը բացառապես Սահմանադրության դրույթներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ երաշխավորելու անհրաժեշտությունը: Առանձնացվել է այն խնդիրը, որ բարեփոխումների ընթացքում հատուկ պետք է ուշադրության կենտրոնում պահել դատական իշխանության անկախության, որպես մարդու արդար դատաքննության իրավունքի երաշխիքի հիմնադրույթը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը նկատել է, որ Բարձրագույն դատական խորհրդում անցած մեկ տարվա ընթացքում մշակվել և շրջանառության մեջ է դրվել արդարադատության արմատական բարելավմանը միտված հայեցակարգ, համակարգված կերպով բացահայտվել են բոլոր հիմնախնդիրները և նախանշվել են դրանց հաղթահարման վեկտորները: Հատուկ ընդգծվել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը հավուր պատշաճի աջակցելու է երկրում սկիզբ առած նախաձեռնություններին և ակնկալում է այդ գործընթացների մեջ նաև դատավորների անհրաժեշտ ներգրավվածությունը:

Կողմերը միակարծիք են, որ բարեփոխումների արդյունքում բացառվելու է որևէ խտրական վերաբերմունք, այն իրագործվելու է միայն հստակ ու արդարացի չափանիշների հենքով, իսկ արդյունքում բարելավվելու է դատավորների սոցիալական և նյութական ապահովվածությունը, ամրապնդվելու են դատական իշխանության անկախության հիմքերը և բացառվելու են կոռուպցիոն ռիսկերը: