Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն տվեց Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ 1.422214 հա և 0.2605 հա հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Եղիշե Տերտերյանը՝ նշելով, որ ներդրումային ծրագիրն առնչվում է ՏՏ ոլորտին:

Նշված տարածքի կադաստրային արժեքը 98.98 մլն դրամ է, որն ուղղակի վաճառքով կօտարվի Արմեն Տեր-Տաճատյանին:

Նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի կառուցման նպատակով:

Հողամասի ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը՝ 99 տարի է:

Նշվում է, որ ավարտական ակտն ընկերությանը տրամադրելուց և կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով վերջինս պարտավորվում է Երևան համայնքին նվիրել 300 քմ աշխատանքային տարածք՝ վերանորոգված վիճակում:

Եղիշե Տերտերյանը նշեց, որ շինարարություն ընթացքում կստեղծվեն 400 աշխատատեղեր, իսկ շինարարության ավարտից հետո կստեղծվեն 300 մշտական աշխատատեղեր:

Ամբողջ աշխատանքները կտեւեն 4-4,5 տարի: Իսկ այդ բազմաֆունկցիոնալ շենքում շուրջ 2500 աշխատատեղ կարող է ստեղծվել: