Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստում բարձրացրեց Մյասնիկյանի արձանի հարցը։

«Պարոն վարչապետ, այնտեղ դուք եղել էինք, գիտեք, սալիկների հետ կապված խնդիր կար։ Մերոնք գնացին, այդ սալիկներն ուսումնասիրեցին, դա պատկանում է Մշակույթի նախարարությանը՝ որպես հուշարձան։ Մենք մշակույթի նախարարության հետ կապվեցինք, ասացինք՝ եթե մերոնք բարձրանան, սալիկները թափվելու վտանգ կա, ամբողջը կքանդվի, և շատ տգեղ տեսարան կստացվի»,- ասաց Ցոլակյանը։

Նա նշեց, որ արձանն այդպես սահմանազատված չի կարող միշտ մնալ, պետք է մասնագիտական լուծում տրվի հարցին։ «Նույնիսկ ասեմ՝ ժապավենով կապված է, լողացող երեխաները տանում շորերը ժապավենից կախում են։ Արդեն ուրիշ բան է ստացվում»,- ասաց Ցոլակյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ։ Նա ասաց, որ Վարդանյան եղբայրներն իրեն ասել են, որ երբ հարակից այգին բարեկարգում էին,  առաջարկել են նաև արձանը բարեկարգել։ Իրենց ասել են, թե Մյասնիկյանի արձանը արժեք է։ «Ես էլ ասացի՝ ասել են՝ մշակութային արժեք է, թողեք թող հանգիստ քանդվի, չկպնեք։ Մենք արդեն սկսել ենք մտածել, որ մշակութային արժեքը պետք է ավերակներ լինի։ Երբ ես տեսա, որ վերևից քարեր են կախված, ասացի՝ վտանգ կա, որ քարերը վերևից կարող են թափվել։ Այդ այգին շատ մարդաշատ վայր է լինելու, պետք է միջոցներ ձեռնարկենք, որ աղետի առաջ չկանգնենք։

Եվ դրանից հետո ես անցնում եմ, ի՞նչ եմ տեսնում, բերել են, էդ արձանը ժապավենով փաթաթել են։ Ինչի՞ է պետք, որ այդ փակելն արվի 73 թվին արտադրված ցելոֆանե ժապավենով, 25 տեղից կապած։ Սրանք պրիմիտիվ բաներ են, որ փաստում են, որ այդ մարդիկ, ովքեր այդ ժապավենը փաթաթել են, նրանք նախ չեն հասկանում, թե ինչով են զբաղվում, իրենք որ երկրում են զբաղվում դրանով։ Էդ ժաապավենը էդ հինգ միլիոն դոլար ներդրումը, որ մարդիկ արել են, արժեզրկում, սարքում է զրո։ Նախ պետք է այդ ժապավենը հանել այդտեղից, անվտանգության խնդիրը պետք է պատշաճ լուծել, չի կարելի աղբանոցից հանած ժապավենը բերել, փաթաթել։ Եվ այսօր իմացա, որ այդ արձանում արդեն ջարդ ու փշուրի պրոցես ա սկսվել, ինչի՞ ա դա տեղի ունենում, պարոն Մովսիսյան, դիմացը ոստիականական պոստ ա դրված»,- ասաց Փաշինյանը։

Փոխոստիկանապետ Մովսիսյանն ասաց, որ չգիտեն, ով է ժապավենը փաթաթել արձանին, իսկ պոստն ուժեղացված հսկողություն է իրականացնում։ Ասաց՝ աշխատանքներ են տարվում պարզելու համար, թե ջարդն ով է արել։ Նա ասաց, որ տեսախցիկներով անձը երևում է։

«Անձը երևում է, բայց մինչև այսօր հայտնաբերված չէ՞, քանի օր է անցել»,- հարցրեց վարչապետը։ Փոխոստիկանապետն ասաց, որ երկու օր է անցել։ «Բա շատ վատ է, մարդը տեսախցիկի մեջ կա, երկու օր է չեք կարողանում հայտնաբերեք, բա որ տեսախցիկի մեջ չլիներ, քանի՞ օր չէիք կարողանա հայտնաբերել։ Արագ հայտնաբերեք»,- կշտամբեց վարչապետը։ «Լսում եմ»,- արձագանքեց փոխոստիկանապետը։

Մակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ասաց, որ նախարարությունը տեղական իշխանություններից գրությույն չի ստացել այն մասին, որ թույլտվություն տրվի։ «Քանի որ հուշարձան է, եթե այլ կազմակերպություններ են վերականգնում, մեզ ներկայացնում են նախահաշիվ-նախագիծ։ Այսինքն՝ նախարարությունը կարող է մեկ շաբաթում հաստատել»,- ասաց նա։

«Ախր էդ այգին Երևանի ժամանակակից այգիներից է, մարդը գալիս, տեսնում է ժապավենով փաթաթած  արձան, էդ մարդիկ քթի ծակ չունե՞ն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ այդտեղ հավերժ ժապավեն չի կարող լինել, հետևաբար, հարցը պետք է արագ լուծել։