Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ լուրերը։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, ով մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Այդ հարցով իրավասու մարմինը Դատախազությունն է, եւ իրենք պետք է հանրային դաշտում մեկնաբանությամբ հանդես գան»։

Մեր այն հարցին՝ կարո՞ղ են ասել՝ ԱԳՆ-ն այդ մասին պաշտոնապես տեղեկացվել է թե ոչ, Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ չի կարող։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որոնց մի մասի համաձայն՝ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան է տրվել, մյուս մասի համաձայն՝ նշանակվել է տնային կալանք, մինչ կլուծվի արտահանձնման գործընթացը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ երեկ երեկոյան հայտնել էր, որ Միհրան Պողոսյանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում, և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան։

Նշենք, որ արտահանձնման գործընթացը լուծելու համար ապրիլի 23-ին Ռուսաստանի դատախազությունը բավարարել էր Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը, եւ հունիսի 2-ին լրանալու է նրա կալանավորման ժամկետը։