«Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը Ազգային ժողովի նիստում հանդիպեց դիմադրության: Նախագիծը խորհրդարանական մեծամասնությունը մերժեց քննարկել լիագումար նիստում և այն չընդունվեց նիստի օրակարգ:

Հիշեցնենք՝ սա այն օրինագիծն էր, որի մասին բուռն էր արտահայտվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախագահի ու վարչապետի համար արված գնումները հանրայնացնելով՝ ահաբեկիչների համար գաղտնի տեղեկություններ են հրապարակվում:

Ընդդիմադիր խմբակցությունը, նկատենք, այս նախագծով առաջարկում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց, մասնավորապես, վարչապետի ու նախագահի համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնումները: Խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես Փաշինյանը, ուներ մտավախություններ, որ նման տեղեկությունները հրապարակել պետք չէ և կա անվտանգության հարց:

Այսօր քվեարկությունից առաջ օրինագծի հիմնական զեկուցող Լուսավոր Հայաստանից Գևորգ Գորգիսյանը պնդեց, որ ամենևին էլ առիթ չկա մտահոգվելու և ընդգծեց. «Հիշեցնեմ, որ նման տեղեկություն հրապարակվել է նախկինում, և այն դարձել է գաղտնի 2017-ից սկսած, այն բանից հետո, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր գործուղումների համար մեծ ծախսեր է արել»:

Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից Քրիստինե Պողոսյանը իր ելույթում խնդրեց դեմ քվեարկել, որ նախագիծը չընդգրկվի ԱԺ նիստի օրակարգ: «Ինքներդ էլ եք հասկանում այս օրենքի լրջությունը: Չգիտեմ՝ ոնց պարոն Գորգիսյանը չի հասկանում կամ իրեն չեն ասել՝ ինչպես անի», — ասաց Պողոսյանը: