Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ մայիսի 27-ին, ընդունել է Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Մելիսի գլխավորությամբ:

Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները։ Մասնավորապես, Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ իր աշխատանքի կարեւոր ուղղություն է գործարարության պաշտպանությունը, որը իրականացվում է ինչպես գործարարների կողմից Պաշտպանին հասցեագրվող անհատական բողոքները քննարկելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանխարգելիչ քայլեր ձեռնարկելով։ Մասնավորապես, գործարարների իրավունքների պաշտպանության համար դիմումներ են հասցեագրվում Սահմանադրական դատարան, ներկայացվում են հատուկ կարծիքներ ՍԴ-ում գործարարներին առնչվող դիմումների վերաբերյալ, մշակվում են օրենսդրական նախագծեր եւ այլն։

Կողմերը քննարկել են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում պետության կողմից իրականացվող քայլերն ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ոլորտում։ Մասնավորապես, Արման Թաթոյանը նշել է, որ այս ոլորտում աշխատանքներն ունեն առաջնահերթ կարեւորություն, քանի որ կոռուպցիան ուղիղ բացասական ազդեցություն է ունենում մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը դատական պրակտիկայի բարելավմանը եւ դատաիրավական բարեփոխումներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը: