Մարտի 1-ի բուն գործից առանձնացված գործով մեղադրյալներ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի մեղադրական եզրակացությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։ Այն տեղ է գտել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ գործի վարույթը կասեցնելու  որոշման մեջ։

Եվ այսպես, համաձայն մեղադրանքի, Քոչարյանը 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը, նաև ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլարի կաշառք։

Ըստ մեղադրանքի՝ 2008-ի ընտրության արդյունքները չեղարկելու համար փետրվարի 23-ից մեկնարկած խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Եվ երբ ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքները, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ցանկալի իշխանական համակարգը պահելու համար, իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, փոխնախարար, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ և նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ։

Այդ գործողություններում, ըստ մեղադրական եզրակացության, նրանք հանցավոր ձևով ներգրավել են Զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց, քաղաքացիների իրավունքների խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը:

Հենց այդ գործողություններն էլ, ըստ մեղադրանքի, հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-6 հոդվածների գործողության դադարեցման, որով պաշտոնյաները, իրենց լիազորությունները անցնելով, խախտել են քաղաքացիների իրավունքները։

Այսպես, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները, այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտել են 2008-ին գործող Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ասված է մեղադրական եզրակացությունում:

Նրանք նաև խախտել են Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է Հայաստանի նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել Զինված ուժերի օգտագործման մասին, բայց Զինված ուժերն օգտագործվել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ, պնդում է մեղադրող կողմը:

Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը, մտադրություն ունենալով ցանկացած եղանակով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թվականի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության հաջորդ օրը ժամը 00:00-ից, և հայտարարել է արտակարգ դրություն սահմանելու մասին, ասված է մեղադրականում:

Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն էլ նույն օրը ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը, շարունակում է մեղադրող կողմը: Չնայած այդ պահին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, ընտրության վերջնական արդյունքները դեռևս ամփոփված և հրապարակված չեն եղել, սակայն Միքայել Հարությունյանի արձակած հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակն ապակայունացնող քաղաքական ուժեր»: Նույն հրամանով հանձնարարվել է «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով Զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին՝ ժամը 18-ից, տեղափոխել զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, նրանց զինել տաբելային զենքերով, իսկ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ, նշված է մեղադրական եզրակացությունում: