Ազգային ժողովի  արտահերթ նիստ հրավիրելու պահանջով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորներ։ Այս մասին հայտնել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը։

Նա նշեց, որ համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված համաձայնության՝  արտահերթ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին:

Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը երեկ առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել և քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

Նշենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և  ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։