»»«Սասնա Ծռերը»՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

«Սասնա Ծռերը»՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 2019 թ. մայիսի 20-ին, հանդես է եկել դատական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու վերաբերյալ ուշագրավ շեշտադրումներ պարունակող կարևոր հայտարարությամբ: Հայտարարությամբ նախանշված նպատակները զգալի չափով համընկնում են տարիներ շարունակ հանրության ուշադրությանը ներկայացված մեր օրակարգին, ուստի այդ առումով մեզ համար ողջունելի են: Սակայն նախատեսվող նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել համակարգային մոտեցմամբ և լինել հետևողական: Նախ՝ գործընթացը հարկավոր է սկսել նախորդ ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականից:

Հայտարարության մեջ թեև կային դրա առանձին տարրեր, սակայն ամբողջական իրավաքաղաքական գնահատական այդպես էլ չի տրվում, ինչի պատճառով խնդրահարույց է մնում ազգային-պետական օրգանիզմի հիվանդության ճիշտ ախտորոշումն ու լիարժեք բուժումը: Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար չեն 5-րդ շարասյան նկատմամբ ընդամենը անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը կամ նրա առանձին ներկայացուցիչներին զսպելու մասնակի գործողությունները:

Եթե Ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր զինվորների ու սպաների անձնազոհ արիությամբ, այնուհետև՝ Սասնա Ծռերի ապստամբությամբ երկու անգամ վիժեցված Լավրովյան պլանը դեռևս մնում է 5-րդ շարասյան օրակարգում և նա այսօր էլ պատրաստ է դավադիր պատերազմի միջոցով ազատագրված տարածքներ հանձնելու և Արցախը ՀՀ-ից տարանջատելու գնով պահել իր դիրքերը, ապա նրա ղեկավար անդամները՝ այդ թվում՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, անհապաղ պետք է մեկուսացվեն հասարակությունից՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և դրա միջոցով իշխանություն յուրացնելու, պետությունը զավթելու և այն իրենց հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության, գործիքի վերածելու արարքները ներառող մեղադրանքներով:

Անցումային արդարադատությունը, որի կիրառման անհրաժեշտության մասին նշվեց ՀՀ վարչապետի հայտարարության մեջ, պետք է լինի ամբողջական ու համապարփակ, քանի որ իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած հանցավոր համագործակցության կատարած հանցագործությունները եղել են համակարգային, ընդգրկել են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, առաջացրել են ցեղասպանական հետևանքներ ու վտանգել են պետականությունը, և դրանցից տուժողների շրջանակն ընդգրկում է համարյա ամբողջ ժողովրդին: Այն պետք է ներառի ՀՀ անկախության ամբողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև անցումային արդարադատության միջազգային պրակտիկայում առկա բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ քրեական արդարադատությունը և քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիան:

Պետք է հանրաքվեի միջոցով ստեղծվի Անցումային արդարադատության ատյան՝ երդվյալ ատենակալների դատարանի ձևաչափով ու քննչական բաղադրիչով: Իշխանության յուրացման, պետության զավթման, պետական դավաճանության և հանրային-պետական նշանակության այլ ծանր հանցագործությունների, ինչպես նաև հանցավոր համագործակցության գործունեության դեմ դիմադրական ակտերի վերաբերյալ գործերը (Հոկտեմբերի 27, Մարտի 1, Բերձորի պետական ահաբեկչություն, Ապրիլյան քառօրա պայմանավորված պատերազմ և ազատագրված տարածքներ հանձնելու այլ փորձեր կամ դրանց նախապատրաստման գործողություններ, Սասնա Ծռերի ապստամբություն և այլն) պետք է վերցվեն գործող իրավապահ և դատական ատյանների վարույթից և հանձնվեն Անցումային արդարադատության ատյանին: Ընդ որում՝ պետք է բացառվի այդ գործերով նախկինում դատավարական գործողություններ կատարած անձանց հետագա մասնակցությունը դրանց քննությանը, ինչպես նաև մանրակրկիտ կերպով ուսումնասիրվի նրանց կողմից այդ գործերը քննելու ընթացքում արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու ենթադրյալ փաստերը:

Ներկայումս արդարադատության համակարգը իրավական ինքնաժխտման և աբսուրդի վիճակում է հայտնվել, քանի որ զուգահեռաբար քննում է ինչպես Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, այնպես էլ տապալված սահմանադրական կարգը վերականգնելու և պայմանավորված պատերազմով ազատագրված տարածքները հանձնելու գործընթացը վիժեցնելու համար զինված դիմադրության ակտ կատարած քաղաքացիներին, որոնցից երկուսը՝ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը, շինծու մեղադրանքով դեռևս գտնվում են անազատության մեջ:

Այս անհեթեթ, ազգային արժանապատվությունը վիրավորող և արդարադատության իմաստը ոչնչացնող երևույթը պետք է անհապաղ դադարեցվի: Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը չեն կարող տարիներ շարունակ հանիրավի բանտում մնալ և սպասել, մինչև Անցումային արդարադատության ձեռքը կհասնի և իրավական լուծում կտա նրանց գործին: Հույժ կարևոր է նաև նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, բացի այդ՝ այսօրվա գործող Սահմանադրությամբ ձևավորված պետական կառավարման համակարգը չի համապատասխանում սահմանադրականության և ժողովրդավարության չափանիշներին:

Գործող Սահմանադրության մասնակի փոփոխությունները, որ ենթադրում է ՀՀ վարչապետի հայտարարությունը, չեն կարող լուծել Սահմանադրության լեգիտիմության և արդյունավետ պետական կառավարման խնդիրները:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը ևս մեկ անգամ հավաստում է, որ ՀՀ վարչապետի կողմից վերը նշվածին համապատասխան համակարգային մոտեցման ու հետևողականության պարագայում պատրաստ է աջակցելու նրա հայտարարության մեջ նշված նպատակների իրագործմանը

2019-05-20T17:08:54+04:00May 20 17:05|Հասարակություն|Comments Off on «Սասնա Ծռերը»՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին