»»»Բակո Սահակյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Բակո Սահակյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր խորհրդարանում, իշխող կուսակցության «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, տեղի է ունենում փակ հանդիպում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը շատ կարճ պատասխանել է լրագրողների հարցերին, եւ հանդիպումից առաջ, եւ հետո: Նա ասաց, որ  այս հանդիպումը դեռ Ստեփանակերտի հանդիպման ժամանակ են պայմանավորվել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր. «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով: Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

Բակո Սահակյանը անդրադառնալով այս ամենին ասաց. «Եթե կա այդպիսի նպատակներ, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն: Ես չունեմ այդպիսի տեղեկություններ»: Նա հավելեց, որ, եթե կան այդպիսի ուժեր, իրենք պարտավոր են բացահայտել այդ մարդկանց։

Irakanum.am