Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր այսօր առավոտյան ժամը 8: 30-ից փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ Այնուհետև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պահանջեց անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը՝ հիշեցնելով՝ ՀՀ-ում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

Դրանից հետո դատարանների մուտքերն ու ելքերը փակած քաղաքացիներին խնդրեց ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը՝ նշելով՝ ակցիան ծառայեց իր նպատակին։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Irakanum.am-ի հետ զրույցում փաստաբան Նարինե Ռշտունին նշեց՝ վարչապետի կոչը՝ կապված դատարանների ելքերն ու մուտքերը փակելու հետ, վտանգավոր էր, որովհետև դա կարող է ճնշում լինել դատավորների վրա, քանի որ վերջիններս կարող են խուսափել կայացնել այնպիսի դատական որոշում, որը կարող է դուր չգալ իշխանություններին։ «Պետք է նշեմ, երբ լրագրողները ներկայացնում էին դատարանների ելքերն ու մուտքերը փակած քաղաքացիներին, նրանցից շատերը հստակ չգիտեին էլ՝ ինչու են այդ քայլին գնացել։ Մինչդեռ, որոշ պատգամավորներ մեկնաբանություններ են անում՝ նշելով՝ դա ժողովրդի կամքն էր, բայց եթե վարչապետը նման հորդորով հանդես չգար, այդ քաղաքացիները կփակեի՞ն դատարանների մուտքերն ու ելքերը։ Ի՞նչ է նշանակում «վիրահատական միձամտություններ իրականացնել» կամ ի՞նչ է նշանակում այն, որ դատավորները պետք է հրաժարական տան։ Իսկ ի՞նչ սկզբունքներով է որոշվելու՝ ով պետք է հրաժարական տա, ով՝ ոչ», — նշեց Նարինե Ռշտունին։

Հարցին՝ այս փուլում անհրաժե՞շտ է Հայաստանում անցումային արդարադատություն իրականացնել, Նարինե Ռշտունին պատասխանեց՝ դժվար է այդ հարցին միանշանակ պատասխանելը, դա պետք է քննարկել․ տարբեր մասնագետներ տարեր կարծիքներ ունեն այս հարցի հետ կապված։ Իսկ իշխանափոխությունից հետո դատական համակարգում եղե՞լ են դրական փոփոխություններ․ անդրադառնալով այս հարցին՝ փաստաբան Նարինե Ռշտունին պատասխանեց․ «Ես տեսել եմ բավական դրական փոփոխություններ, տեսել եմ դատավարների որոշումներ՝ կալանքի հետ կապված, այսինքն՝ երբ մերժվում են կալանքի միջնորդությունները, երբ որ դատավորն իր մեջ այնքան ուժ է գտնում որ «ոչ» ասի դատախազությանը։ Բայց դրանք դեռ առաջին, շատ զգույշ քայլերն են։ Կան դատավորներ, որոնց փաստաբանները գնահատում են որպես լավ, այսինքն՝ անկախ դատավորներ։ Թե չէ, ով իշխանությունների կամքն էր կատարում, ինչպես նախկին իշխանությունների կամքն է կատարել, նույն կերպ էլ հիմա որոշում կայացնելիս մտածում է՝ ի՞նչ կասեն իշխանությունները․ դա, իհարկե, բացասական է», — նշեց աստաբան Նարինե Ռշտունին։

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ  նշեց․ «Դատական իշխանության գործունեությունը պարալիզացնելը ամոթալի երևույթ է ցանկացած իրեն հարգող պետության համար, և մեզ հետ է մղում ցեղախմբային միավորման մակարդակի։ Ես առավել քան համոզված եմ, որ դատական իշխանությունը ենթական է խորքային բարեփոխման, հաստատ այն չի համապատասխանում մեր քաղաքացիների իղձերին։ Բայց նման քայլերը, գործողությունները պարզապես անընդունելի են։ Կարելի է կրկնել հայտնի ֆիլմի հերոսին ու ասել «պարզապես խայտառակում են ռեսպուբլիկան»։ Ես հույս ունեմ, որ մեր երկրում այլևս նման բան չի լինի, բայց սա պարզապես խարան է, որը հավերժ մնաց մեր պետության վրա»։ Տիգրան Աթանեսյանը նշեց՝ հեղափոխության առաջին իսկ օրերից փորձել է բարձրացնել դատական համակարգում առկա խնդիրները, գրառումներ է կատարել սոցիալական ցանցերում, ուղիղ եթերների ընթացքում ժամանակ փորձել է որոշ հարցեր ուղղել վարչապետին, սակայն իր բարձրացրած հարցերը մնացել են անտեսված։ «Ես հենց առաջին օրից ասել եմ՝ պետք է դատական համակարգում բարեփոխումներ իրականացնել։ Դա շատ դժվար, գիտական հսկայական ներուժ պահանջող միջոցառում է։ Դա չի արվում մեկ օրում․ տարիներ են պետք, և հենց դրանից է կախված երկրի հետագա բարգաաճումը։ Բայց իմ ձայնը եղել է չլսված, և հիմա, երբ դատարանը կայացրեց բոլորիս հայտնի մի որոշում, որը երևի ձեռնտու չէր գործող իշխանություններին, տեղի ունեցավ այս ամենը, ինչը պարզապես ֆարս է, սա կապ չունի դատական բարեփոխման հետ։ Սա պարզապես հարձակում էր ու անիմաստ ։ Դա օգուտ չի տալու։

Հնարավոր չէ վաղն ունենալ նոր դատական համակարգ։ Ունենալու ենք այս համակարգը կամ ուզենք-չուզենք զրկվելու ենք պետականությունից, եթե չունենանք դատական համակարգ։ Սրա մասին պետք էր մտածել մեկ տարի առաջ՝ այդ աշխատանքներում ներգրավելով խելացի մարդկանց, Հայաստանում էլ մասնագետները քիչ լինեին, պետք էր դրսից ներգրավել այս մարդկանց, որպեսզի բոլորս միասին հասկանայինք՝ ինչպիսի դատական համակարգ է մեզ պետք, ինչպես պետք է փոփոխել կադրային քաղաքականությունը և մնացած բոլոր հարցերը։ Հիմա, երբ օրվա իշխանությունների համար հայտնվեց անցանկալի մի դատական ակտ, նման գործողությունները պարզապես անլուրջ են, քանի որ սա շատ զգայուն համակարգ է։ Որևէ ներդրող, որևէ լուրջ պետություն չի կարող լուրջ վերաբերվել մի պետության, որտեղ կատարվում են նման երևույթներ։ Ի՞նչ է նշանակում փակել դատարանները․ սա շատ ցավալի քայլ էր, որի հետևանքները լինելու են շատ բացասական և այդ բացասական հետևանքները պահպանվելու են շատ երկար ժամանակ», — եզրափակեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Irakanum.am