»»»Մեզ համար էլ է ամեն ինչ մութ․ հղիացած 13-ամյա երեխան առողջական խնդիրներ ունի

Մեզ համար էլ է ամեն ինչ մութ․ հղիացած 13-ամյա երեխան առողջական խնդիրներ ունի

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ 13-ամյա երեխա է հղիացել, այս տեղեկատվությունը հաստատել է նաև ոստիկանությունը։

Լրատվաիջոցների հետ զրույցում 13-ամյա երեխայի մայրը պնդել է՝ իր դստերը նրա երկու համադասարանցիներն են բռնաբարել: Երեխայի հղիության փաստը մայրը բացահայտել է 5 ամիս անց, երբ երեխային տարել է  հիվանդանոց:

Լրատվամիջոցների հետ զրույցում երեխայի մայրը պատմել է՝ զույգ աղջիկներ ունի․ նրանք նույն դասարանում են սովորում։ 13-ամյա երեխան հստակ չի հիշում՝ դեպքը երբ է տեղի ունեցել (երեխան թոշակառու է, մտավոր խնդիրներ ունի)։ Ամիսներ առաջ դասերից հետո երեխաները մնացել են հերթապահության՝ դասարանը մաքրելու Քույրերից մեկը դասարանն ավլելուց հետո տարել է աղբը թափելու, վերադարձել և տեսել, որ դասարանի դուռը փակ է, ապա դուռը թակել է, ձայն չի եղել, օգնություն է կանչել, բայց դպրոցում ոչ ոք չի եղել, իսկ հետո պարզվել է, որ համադասարանցիներն են դուռը ներսից փակել ու բռնաբարել 13-ամյա աղջկան։

Irakanum.am-ի հետ զրույցում  x համայնքի ղեկավար Գ. Մ.-n  նշեց՝ հղիացած 13-ամյա երեխայի ընտանիքի բոլոր անդամները առողջական խնդիրներ ունեն, սոցիալապես անապահով են։ «Գործը քննվում է, իրավական դաշտում է։ Մեզ համար էլ է ամեն ինչ մութ։ Ոչ մեկը ոչ մի բան չգիտի։ Իհարկե, երևույթը շատ տհաճ է, դժվար է նույնիսկ այդ մասին խոսելը։ Ժողովրդի մեջ տարածված խոսակցությունները, ասել-խոսելը մեզ համար հիմք չէ։ Գործը քննվում է, սպասենք քննության արդյունքին», – նշեց Գ. Մ.-ն։

Զրուցեցինք նաև այն դպրոցի տնօրենի հետ, որտեղ սովորել է 13-ամյա երեխան։

Դպրոցի տնօրեն Ք․ Գ-ից  փորձեցինք պարզել՝ իսկապե՞ս երեխաները մնում են հերթապահության՝ դասարանը մաքրելու և հնարավո՞ր է, որ հերթապահության ժամանակ դպրոցում մարդ չլիներ, երեխայի օգնության կանչերը չլսեր, ինչպես նշել է երեխայի մայրը։ «Ընդամենը 4 ամիս է, ինչ դպրոցի տնօրեն եմ, պաշտոնավարում եմ հունվար ամսից, ուղղակի ի պաշտպանություն իրականության ու ճշմարտության՝ ես կարող եմ ասել ՝ երբևէ այս դպրոցում չի եղել մի դեպք, որ ուսուցիչը, տնօրենը կամ ողջ անձնակազմը երեխայից շուտ տուն գնա։ Բոլորը կարող են վկայել, որ ժամը 16։30-17։00-ին մեզ տեսնում են և՛ կանգառում, և՛ տուն գնալիս։ Մինչև 16։00-ն , 16։30-ը անձնակազմը, ուսուցիչները, բոլորը պարտադիր լինում են դպրոցում։ Դա կարող եմ վկայել, քանի որ նախքան դպրոցի տնօրեն լինելը՝ ուսուցիչ եմ եղել այս դպրոցում։ Երբևէ չի եղել այնպիտի դեպք, որ դպրոցում աշակերտ լինի, ուսուցիչ չլինի։ Բացի այդ՝ պահակ կա, որը հետո մնում է դպրոցում։ Չեմ կարծում, որ այդ դեպքը դպրոցի հետ կարող է կապված լինել», – նշեց  դպրոցի տնօրենը։

Հարցին՝ իսկ երեխաները մնո՞ւմ են հերթապահության՝ դասարանը մաքրելու,   դպրոցի տնօրենը   պատասխանեց․ «Ասեմ, որ այդ ժամակամիջոցում կտրուկ արգելված է եղել հերթապահությունը, հերթապահություն արել են միայն հավաքարարները։ Հերթապահություն ասելով՝ իրենք սա են հասկանում․ դասերից հետո ամեն մեկը եթե իր նստարանի մոտ թղթեր է թափել, ուսուցչի ներկայությամբ հավաքում է այդ թղթերը, և ուսուցիչը բոլորին ճանապարհում է տուն։ Բոլորը կարող են վկայել, որ տնօրենը բացառել է հերթապահությունը դպրոցում և դասասենյակները մաքրել են բացառապես հավաքարարները», – եզրափակեց Բաղրամյանի միջնակարգ դպրոցի տնօրենը։

Հավելենք, որ ոստիկանությանում նյութեր են նախապատրաստվում այս դեպքի առթիվ, հանգամանքները պարզվում են:

Irakanum.am

2019-07-02T20:34:24+04:00May 17 13:34|Հասարակություն, Մարզեր|Comments Off on Մեզ համար էլ է ամեն ինչ մութ․ հղիացած 13-ամյա երեխան առողջական խնդիրներ ունի