»»Դատապարտում ենք հայերին ղարաբաղցիների ու հայաստանցիների տարանջատելու ցանկացած փորձ. հայտարարություն

Դատապարտում ենք հայերին ղարաբաղցիների ու հայաստանցիների տարանջատելու ցանկացած փորձ. հայտարարություն

Մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Հայաստանում մեծամասնության վստահությանը արժանացած վարչապետի հանդեպ հեգնանքի ու արհամարհանքի յուրաքանչյուր դրսևորում:

«Վերջին օրերին Արցախի և Մայր Հայաստանի իշխանությունների միջև նույնիսկ անզեն աչքով նկատելի խզումը մտահոգիչ է և հղի անկանխատեսելի հետևանքներով:

Չկան Հայաստանի ու Արցախի ժողովուրդներ, կա հայ ժողովուրդ, որը ինչպես միասնական էր Արցախը թշնամու ճիրաններից փրկելու օրհասական պայքարում՝ իբրև փրկագին զոհաբերելով ազգի սերուցքը, այնպես էլ միասնական պայքարելու է մինչև վերջնական հաղթանակի ազդարարումը:

Չկա Արցախ առանց Հայաստանի, և չկա Հայաստան առանց Արցախի, կամ ինչպես քաջազուն Լեոնիդ Ազգալդյանը կասեր՝ սա Հայաստան է և վերջ:

Եվ վերջ, հարգելի իշխանավորներ, անկախ ձեր անձնական ամբիցիաներից, գրաված դիրքից, թե բարձրագույն կոչումներից, սա Հայաստան է և վերջ:

Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր անխոհեմ քայլ, ինչը վնաս է հասցնում մեր միասնականությանը,

դատապարտում ենք Մայր Հայրենիքում մեծամասնության վստահությանը արժանացած վարչապետի հանդեպ հեգնանքի ու արհամարհանքի յուրաքանչյուր դրսևորում,

դատապարտում ենք հայերին ղարաբաղցիների ու հայաստանցիների տարանջատելու ցանկացած փորձ:

Խորապես ափսոսում ենք, որ և Հայաստանում, և Արցախում քաղաքական որոշ գործիչներ այդպես էլ մնացին ինքնահաստատման փուլում:

Մենք միաժամանակ մեր աջակցությունն ենք հայտնում Մայր Հայաստանում տեղի ունեցող այն բոլոր գործընթացներին, որոնք ուղղված են հզոր և լուսավոր միասնական հայրենիքի կառուցմանը:

«Անկախության Սերունդ» կուսակցություն

«Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ

Արցախի հանրապետական կուսակցություն

Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերաների միություն

«Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ

«Ինքնություն և միասնություն» կուսակցություն

«Միացյալ Հայաստան» կուսակցություն

«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ

«Ռամկավար Ազատական» կուսակցություն

«Սասնա ծռեր» արցախյան կուսակցություն», -ասված է հայտարարության մեջ:

2019-05-16T15:16:03+04:00May 16 15:23|Հասարակություն|0 Comments