Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ միավորման արդյունքում գերնախարարությունները ընդհուպ 6-7 փոխնախարար են ունենալու։ Ավինյանի խոսքով՝ առաջին հերթին քաղծառայության համակարգի զարգացման ու օպտիմալացման, արդյունավետության բարձրացման ռազմավարություն են որդեգրելու։

«Դժվարանում եմ պատասխանել, թե քանի փոխնախարար կլինեն նախարարություններում: Գործառույթներից ելնելով է որոշվելու։ Գնահատելու ենք, թե ինչ ֆունկցիաներ են նախկինում եղել փոխնախարարների վրա, թերբեռնված կամ գերբեռնված են եղել, թե՞ ոչ, և ըստ այդ ֆունկցիաների քանակները կհստակեցվեն»,- ասաց նա։

Ավինյանի խոսքով՝ դեռևս զանգվածային կրճատումներ նախարարություններում չկան։ Եվ առաջին հերթին կրճատվելու են նախարարներ, փոխնախարարներ։

«Այսպես շարունակել չենք կարող և չենք ուզում, քանի որ բոլոր գնահատականները ապացուցում են, որ մեր հանրային ծառայության համակարգն արդյունավետ չի գործում։ Համակարգը որպես այդպիսին իր արդյունավետությունը շատ ոլորտներում պետք է վերանայի»,- հավելեց նա։