»»Քննչական մարմինը փորձում է 7 հոգու սպանությունը վերագրել անորոշ անձանց, որ քողարկի իրական հանգամանքները. Ալումյան

Քննչական մարմինը փորձում է 7 հոգու սպանությունը վերագրել անորոշ անձանց, որ քողարկի իրական հանգամանքները. Ալումյան

Եթե 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 հոգուց 3-ը «չերյոմուխայից» են մահացել, մնացած 7-ի սպանության հանգամանքները մինչեւ այսօր պարզված չեն, իսկ այս քննչական մարմինը այդ սպանությունները փորձում է վերագրել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից որոշ անձանց, որպեսզի քողարկի գործի իրական հանգամանքերը։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է արել, որը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նրա պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

«Մեղադրանքի մեջ կա հետեւյալ դրվագը, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից որոշ անձինք իրենց թիկնազորի եւ հանցավոր հեղինակություն վայելող մի շարք անձանց հետ կատարել են մի շարք գործողություններ, օրինակ՝ մասնակցել են հավաքների ճնշմանը։ Քննիչը իրավունք չուներ այդ ձեւակերպմամբ մեղադրանք ստորագրել։ Մենք մեղադրանքի մեջ կարդում ենք եւ չենք կարողանում հասկանալ, թե ովքեր են այդ անձինք, եւ դատարանն էլ չի կարողանում հասկանալ՝ ովքեր են այդ անձինք, որ գնահատի, թե հիմնավոր կասկած առկա է թե չէ»,- նշեց նա։

Հայկ Ալումյանի խոսքով՝ Քոչարյանը այս փաստարկը ներկայացնելիս միջամտել է. «Այս փաստարկը ներկայացնելիս Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ եթե 10 հոգուց 3-ը «չերյոմուխայից» են զոհվել, մնացած 7-ի սպանության հանգամանքները մինչեւ այսօր պարզված չեն, եւ սպանությունը այս քննչական մարմինը փորձում է վերագրել այդ անորոշ անձանց, որ քողարկի գործի իրական հանգամանքերը։ Պարոն Քոչարյանի ասածի իմաստը դա է, որ քննչական մարմինը հիմա փորձում է անորոշ ձեւակերպումներով տպավորություն ստեղծել, որ 7 հոգու սպանության համար պատասխանատու են այս որոշ անձինք, ընդ որում՝ առանց նշելու, թե ովքեր են այդ որոշ անձինք։ Պարոն Քոչարյանը նշեց՝ այս որոշ անձանցից որեւէ մեկի դեմ մեղադրանք առաջադրվե՞լ է, ինչպես կարելի է ասել՝ որոշ անձինք կատարել են այս արարքները եւ չմատնանշել, թե ում մասին է խոսքը»։

2019-05-15T20:55:34+04:00May 15 20:15|Իրավական|0 Comments