», Ներքին քաղաքականություն, Քաղաքականություն»«Էժան պոպուլիզմ՝ թանկարժեք որդուց»

«Էժան պոպուլիզմ՝ թանկարժեք որդուց»

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանն այսօր դատարանի դահլիճում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին:

Երեկ Քոչարյանի որդուն հանդիպելու ցանկություն էր հայտնել Սարգիս Քլոյանը: Հարցին, թե ինչո՞ւ, նա պատասխանել էր. «Ինչո՞ւ, որ ասեմ Աստված պահի Քոչարյանի բալեն, ո՞նց էր համը իմ ձագի: Դա եմ ուզում ասել իրեն»:

«Ես պատրաստ եմ հանդիպել, բայց եկեք շոու չսարքենք  այս ամեն ինչից: Այդ մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ կոնկրետ քաղաքական դիվիդենտներ են քաղել: Ես շատ ցավում եմ զոհերի համար, ինձ թվում է՝ զոհերի ընտանիքներից բացի նաև մենք ենք շատ տուժել, եթե նայում եք, գիտեք, թե 10 տարի ոնց ա էդ ամեն ինչը կապվել մեր հետ: Այսինքն՝ մենք էլ ենք տուժած: Ես ոչ մեկի հանդիպելուց չեմ խուսափում: Առաջին հերթին նրան կցավակցեմ, կասեմ, թե ինչի համար եմ ես ինքս ցավում, դեպքերի ու մնացածի հետ կապված»,- այսօր ասել է Քոչարյանի թանկարժեք որդին։

Տասնմեկ տարի է անցել մարտյան ողբերգական իրադարձություններից, եւ միայն հիմա է Քոչարյանի որդին հայտնում, որ պատրաստ է հանդիպել սպանվածներից մեկի՝ Գոռ Քլոյանի հորը, իսկ նման «մեծահոգություն» ցուցաբերելուց առաջ, նաեւ սպառնում, թե «եկեք շոու չսարքենք»։  «Մեծահոգություն» ցուցաբերում է մի Լեւոն Քոչարյան, ում հայրը մեղադրվում է ծանր հանցանքի մեջ, ում ընտանիքի անունը կապվում է ապօրինի հարստացման հետ։ Սարգիս Քլոյանի աչքերի մեջ նայելու պատրաստակամություն է հայտնել «ոսկե» երիտասարդը, ով դատարանի դահլիճում հպարտորեն հայտարարում է, որ ինքը միլիոնատեր է։

Լեւոն Քոչարյանը ողջ ու առողջ է, ավելին՝ միլիոնատեր, իսկ Սարգիս Քլոյանի որդին՝ Գոռ Քլոյանն ու մյուս ինը մեր հայրենակիցները՝ սպանված։

Ինչու՞ Լեւոն Քոչարյանը տասը, կամ ասենք երեք տարի առաջ ցանկություն չէր հայտնում հանդիպել սպանվածների հարազատներին։ Ցանկություն չէր հայտնում, որովհետեւ այդ ընթացքում նրանք զբաղված էին  միլիոններ դիզելով, որպեսզի այսօր հայտարարեն, որ միլիարդներ չէ, բայց միլիոններ ունեն։

Ռոբերտ Քոչարյանին ու իր որդիներին չէր խանգարի դադարեցնել էժանագին պոպուլիզմը։ Սա նոր Հայաստանն է, որտեղ արդարադատության մասին ձեր պատկերացումները տեղ չունեն։

Irakanum.am