ԱԱԾ-ից  փաստաթղթերի անհետացումը բավականին տարօրինակ դեպք է: Մայիսի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ նման դեպք է գրանցվել նաեւ 1990-ականներին, երբ քաղաքական իշխանության փոփոխություն տեղի ունեցավ:

«Այդ ժամանակ «ԿԳԲ»-ի արխիվներից գործակալների վերաբերյալ նյութեր անհետացան», — պարզաբանեց Քոչարյանը:

Նա նաեւ նշեց, որ նման հանցագործություն կատարողն անպատիժ չի մնա:

«Նրանք, ովքեր կատարել են տվյալ հանցագործությունը կգտնվեն: Բացի այդ, հնարավորության դեպքում, կորած փաստաթղթերը կվերականգնվեն»:

Հարցին, թե ինչի հետ կարող են կապված լինել այդ փաստաթղթերը, Քոչարյանը չբացառեց, որ դրանք կարող են կապված լինել մարտի 1-2-ին հանրահավաքները ցրելու գործի հետ:

Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ եթե այդ փաստաթղթերը անհետացել են, ապա դա միայն ցույց է տալիս, որ կան մարդիկ, ովքեր մտահոգված են դրանց առկայությամբ:

Քոչարյանը նշեց, որ մարտի 1-ի գործով շատ բան կեղծվել է, եւ դրան   մասնակցել են նաեւ ուժային կառույցների եւ անվտանգության մարմինների աշխատակիցները: