2018թ․ապրիլի 13-ից մինչեւ ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած բազմամարդ հավաքների ընթացքում ոստիկանությունը Երեւան քաղաքի տարբեր փողոցներից հավաքների մասնակիցներին բռնության ենթարկելով տեղափոխել է ՀՀ ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նշված դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք հետագայում միավորվել են մեկ քրեական գործում եւ 104 անձ ճանաչվել է տուժող։

Տուժող է ճանաչվել նաեւ Գագիկ Բունիաթյանը՝ հաստատված համարելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից նրա նկատմամբ կիրառվել է բռնություն։ 2018 թվականի նոյեմբերի 16-ին քննիչը որոշում է կայացրել կասեցնել գործով վարույթը՝ մեղադրյալի անհայտ լինելու հիմքով։ Տուժողի ներկայացուցիչը կայացված որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն վարույթ իրականացնող մարմնին ներկայացված բողոքները մերժվել են:

Իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 10-ին բավարարեց վերաքննիչ բողոքը՝ պարտավորեցնելով վարույթ իրականացնող մարմնին վերականգնել անձի խախտված իրավունքները։ Տվյալ գործով Գագիկ Բունիաթյանի շահերը ներկայացնում է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: