»»»Դա լինելու է փոքրաթիվ, աղմկոտ ինչ-որ խմբակ․ քաղաքագետը՝ Քոչարյանի աջակիցների մասին

Դա լինելու է փոքրաթիվ, աղմկոտ ինչ-որ խմբակ․ քաղաքագետը՝ Քոչարյանի աջակիցների մասին

 

Ինչպես հայտնի է, օրերս ստեղծվել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք», մայիսի 11-ին անցկացվել է Քոչարյանի աջակիցների առաջին հանդիպումը։ Այսօրվա միջադեպերը, սակայն, ցույց տվեցին՝ Քոչարյանի աջակից ակտիվիստների ու քաղաքացիներ մյուս ակտիվիստների ջրերը նույն առվով չեն հոսում։
 
Մասնավորապես, այսօր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ուղեկցվեց Քոչարյանի մի խումբ աջակիցների բողոքի ցույցով՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» պաստառներով և վանկարկումներով: Քոչարյանի աջակիցներից զատ՝ դատարանում էին նաև այլ քաղաքացիներ։ Մի քանի ժամ առաջ ակտիվիստ Վարդգես Գասպարին ահազանգեց՝ Քոչարյանի համակիրները շշով հարվածել են իր աչքին։ Այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել Քոչարյանի համակիրների ու մյուս քաղաքացիների միջև։
 
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝ նախադրյալներ չի տեսնում, որ «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք»-ի անդամների թիվը կավելանա։
 
«Դա լինելու է փոքրաթիվ, աղմկոտ, շոուներին հակված մի խմբակ, որը որևէ ազդեցություն չի թողնի այն գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում՝ թե՛ դատական, թե՛ քաղաքական», – նշեց Ռուբեն Մեհրաբյան։
 
Նա անդրադարձավ նաև այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին՝ նշելով՝ Քոչարյանի դաշինքի անդամների այս պահվածքին պետք է հետևեն իրավապահները։
 
«Նրանցով իրավապահները պետք է զբաղվեն։ Ես կարծում եմ՝ սա բացթողում է ոստիկանության կողմից, քանի որ այդ սադրիչ տարրեը անելիք չունեն դատական գործընթացի ճանապարհին, քանի որ պետք է հանդարտ մթնոլորտ լինի՝ առանց հիստերիկ զեղումների», – ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը։
 
Հարցին՝ հնարավո՞ր է, Քոչարյանի համակիրների կողմից այդ վեճերը, ծեծկռտուքը միտումնավոր են հրահրվել, քաղաքագետը պատասխանեց․ «Ոչ թե հնարավոր է, այլ միանշանակ, միտումնավոր է արվում, և կարծում եմ՝ այստեղ իրավապահ մարմիններն անելիք ունեն․ նման միտումները պետք է ջարդվեն ու խեղդվեն բնում, որովհետև որևէ մեկին իրավունք չի վերապահված միտումնավոր նման բաներ անել», – եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։