Երևանում այսօր՝ մայիսի 8-ին, կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա հունիսի 4-ին Նիկոսիայում կայանալիք երեք երկրների ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը նախապատրաստելու նպատակով։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հունականը՝ Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Թեոդորոս Գեորգակելոսը (Theodoros Georgakelos), իսկ կիպրականը՝ Կիպրոսի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ջորջ Խակալլին (George Chacalli)։

Քննարկվել է երեք երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, հստակեցվել է Նիկոսիայում կայանալիք նախարարական հանդիպման օրակարգը։

Կողմերը գոհունակություն են հայտնել երեք երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ և ողջունել են երկկողմ մակարդակից եռակողմ ձևաչափով համագործակցության անցնելու նախաձեռնությունը։ Ընդգծվել է բազմակողմ ձևաչափերում և միջազգային հարթակներում երեք բարեկամ երկրների միջև փոխգործակցության և փոխաջակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային, եվրոպական և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների համար արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող հարցերի վերաբերյալ վերջին զարգացումները:

Նույն օրը հունական և կիպրական պատվիրակություններն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։