Երեւանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «ՍԱՍ» սուպերմարկետի    աշխատակցի նկատմամբ այս տարվա հունվարին  կատարված ավազակային հարձակումը:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ  2019 թվականի հունվարի 17-ին’ ժամը 02:40-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևան քաղաքի Բաղրամյան 85 հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում: Մի երիտասարդ մոտեցել է գանձապահին ու լռելայն նրան փոխանցել սպառնալից երկտող`  «Ինձ մոտ կա պայթուցիկ և զենք կարող եմ դրանք գործադրել. տվեք ինձ ամբողջ գումարը»: Գանձապահը գրությունն անմիջապես  փոխանցել Է իրենից քիչ հեռու կանգնած, մենեջերին, ով կարդալով այն սկսել Է հորդորել  երիտասարդին իրենց չվնասել և իր մտադրությունից հետ կանգնել:

Ի պատասխան վերջինս գոտկատեղի աջ հատվածից հանել Է առանց համապատասխան թույլտվության ապօրինի կրվող գազային ատրճանակը, ցուցադրաբար ձգել Է դրա փակաղակը և ի ցույց դնելով որովայնին կապված հաղորդալարերով միացված սարքը`  հայտնել է, որ դա պայթուցիկ սարք Է՝ պահանջելով իրեն տալ  100.000 ՀՀ դրամ գումար:

Նախնական քննության տվյալներով`  երիտասարդն սպառնացել է  իրեն գումար չտալու դեպքում կրակել կամ պայթեցնել իր որովայնի շրջանում ամրացված պայթուցիկ սարքը, սակայն մենեջերի հետ շուրջ 2 րոպե զրուցելուց հետո, հասկացել է, որ տեւական ժամանակ Է, ինչ գտնվում Է սուպերմարկետում և ենթադրելով, որ աշխատակիցները հնարավոր Է զանգել են ոստիկանություն’ բռնվելուց խուսափելու համար, առանց գումար հափշտակելու դիմել Է փախուստի:

Քննությամբ պարզվել է երիտասարդի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ է, 20 տարեկան: Նրան մեղադրանքն է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի  2-րդ մասի  4-րդ կետով եւ  235-րդ հոդվածի  4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ գործն ուղարկվել դատարան: