»»«Ընկե՛ր, ճշտով ենք անում»․ քաղաքապետարանի աշխատակիցը՝ միկրոբիզնեսով զբաղվող քաղաքացուն

«Ընկե՛ր, ճշտով ենք անում»․ քաղաքապետարանի աշխատակիցը՝ միկրոբիզնեսով զբաղվող քաղաքացուն

Irakanum.am-ի խմբագրություն են դիմել շրջիկ առևտուր իրականացնող տնտեսվարողներ՝ լիահույս լինելով, որ եթե լրատվամիջոցներում բարձրացվեն իրենց առջև ծառացած խնդիրնրը, ապա, հնարավոր է, ինչ-որ լուծում գտնվի։

Շրջիկ առևտուր իրականացնող տնտեսվարողները պնդում են՝ մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետարանի որոշ ներկայացուցիչներ այցելում են շրջիկ առևտուր իրականացնող տնտեսվարողներին, հայտնում նրանց անօրինական գործունեության մասին, պահանջում հեռացնել կցորդիչները, իսկ այսօր արդեն արձանագրվել է կցորդիչին պայմանագրով տրամադրված էլեկտրաէներգիայի ապօրինի անջատման դեպք:

Տիգրան Զալինյանը, որը շրջիկ առևտուր իրականացնող տնտեսվարող է, մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում, որով շրջիկ առևտրի ոլորտում փոփոխություններ են նախատեսվում, որոնք մեծ կամ անլուծելի խնդիրներ են առաջացնելու շրջիկ առևտրով զբաղվողների համար։
Մեր զրուցակիցը նշեց՝ երևանի ավագանու կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնության փափեթը տեղադրվել է draft.am –ում (https://www.e-draft.am/projects/1604 )և քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը դեմ է քվեարկել դրան։

Նախագծում նշվում է, որ Երևան քաղաքի և հանրապետության այլ վարչատարածքային միավորների տարածքներում ներկայումս առևտուրը իրականացվում է շրջիկ առևտրի կետերի և շրջածախ առևտրի իրականացման միջոցով, որոնց վերաբերյալ առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերի գործունեության և շրջածախ առևտրի իրականացման թույլատրված վայրերի, դրանց իրականացման ժամերի, առևտրի կետին ներկայացվող պահանջների և պայմանների և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև դրանց խախտման համար համապատասխան վարչական ներգործության միջոցներ:
«Մենք դեմ ենք օրենսդրական այդ հնարավոր փոփոխություններին։

Ունենք միություն՝ «Շարժական սրճարանների միություն»-ը, որի անդամները բազմաթիվ անգամներ եղել են Էկոնոմիկայի նախարարությունում, բայց մեզ ասացին՝ կկանչենք, բայց այդպես էլ չկանչեցին։ Մոտ մեկ ամիս առաջ էլ քաղաքապետարանի դիմաց ակցիա կազմակերպեցինք։ Մեզ քաղաքապետարանից կանչեցին, հրավիրեցին ներս, այսպես ասած, փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, ասացին՝ հարցը կքննարկվի։ Այսպես երկարեցնում են օրերը, բայց մենք տեղյակ ենք, որ մայիսի սկզբում այդ օրենսդրական նախաձեռնությունը կլինի Կառավարությունում։ Մեզ հետ որևէ բան քննարկել չեմ ուզում, մեզ լսել չեմ ուզում, լիկվիդացնում են մեզ, ուստի մեր ասածը լսելի չի լինում, թեև մենք առաջարկների փաթեթ ենք մշակել՝ առաջարկելով կարգավորումներ։

«Շարժական սրճարանների միության» անդամների կարծիքը, ասելիքը ոչ ոք լսել չի ուզում։ Այսօր էլ առանց զգուշացնելու եկել են, հոսանքն անջատել։ 15-ից ավելի մարդիկ եկան (հիմնականում քաղաքապետարանից)։ Ինձ մոտ էլ եկան․ ավտոբուս-սրճարան է, Հայաստանում առաջին ավտոբուս-սրճարանն է եղել։ Մինչև հեղափոխությունը շատ անօրինական բաներ եղան, հեղափոխությունից հետո էլի բացեցինք, բայց էլի հանդիպեցինք բեսպրեդելի։ Այսօր եկան, էլցանցերի ներկայացուցիչն ասած՝ իրենց ասել են՝ շրջիկ առևտրով զբաղվողների տաղավարներում պետք է հոսանքն անջատել։ Ասացի՝ ես բաժանորդ եմ, պայմանագիր ունեմ, բայց ի՞նչ․․․ Ինչպես ասացի՝ 15 հոգի եկել էին, և նրանցից մեկն էլ քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն էր։ Ավելի քան տասը հոգի քաղաքապետարանից էին։ Ասացի՝ պարո՛ն Սաֆարյան, Դուք այդպես էլ ալտերնատիվ միջոցներ չառաջարկեցիք։

Սա միկրոբիզնես է, պետք է սատարեիք միկրոբիզնես ունեցողին, քանի որ այդ մարդկանց մեծամասնությունը գործը սկսել է վարկերով, ընտանիքը պահելու միակ միջոցն է։ Սա անօրինական գործողություն է եղել, քաղաքապետարանը դեռ չունի այդ իրավունքը, լիազորված անձ չկա, օրենքը դեռ չի ընդունվել։ Ոչ մի օրենք չկա, ու եկել, հոսանքն անջատել են», – ասաց Տիգրան Զալինյանը՝ նշելով՝ հոսանքն անջատելուց հետո սնունդը մնացել է սառնարաններում և գուցե փչանա։

Շրջիկ առևտրով զբաղվող Սամվել Գևորգյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում նշեց․ «Մենք առաջարկների փաթեթ էինք ներկայացրել, և ուզում եմ նշել՝ մեր խմբում կա տնտեսագետ, իրավաբան, փաստաբանների պալատի անդամ։ Մենք այդ փաթեթը ներկայացրելիս ամեն բան լուրջ քննարկել ենք։

Այդ նախագծով սահմանվում է, որ համայնքի ավագանին՝ հանրապետության մակարդակով, այսինքն՝ բոլոր համայնքներում ավագանին որոշում է կոնկրետ այն տեղերը, որտեղ թույլատրելի է շրջիկ առևտրով զբաղվել։ Եվ չկան հիմնավորումներ, հարց է առաջանում՝ ինչի՞ց ելնելով են այդ որոշումը կայացնելու, և հետո՝ մենք շրջիկ ենք, ուրեմն՝ ինչպե՞ս են կոնկրետ տեղ նշելու, թե որտեղ կկարողանանք առևտրով զբաղվել։ Մենք տարբեր երկրների փորձն ուսումնասիրելով՝ առաջարկում ենք նշել այն տեղերը, որտեղ չի կարելի շրջիկ առևտրով զբաղվել, այսինքն՝ թող բացառության սկզբունքով ասեն՝ այսինչ վայրում չի թույլատրվում շրջիկ առևտուր իրականացնել։ Օրինակ՝ թող ասեն՝ չի թույլատրվում առևտուր իրականացնել Հանրապետության հրապարակի տարածքում կամ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերի դիմաց, իսկ նեղ մայթերի, փողոցների լայնության հետ կապված՝ սահմանե՛ք ստանդարտներ։ Իրենք ասում են՝ այս-այս վայրերում կարելի է իրականացնել շրջիկ առևտուր, բայց այդպես չի կարելի։

Ի՞նչ սկզբունքով է որոշվելու՝ տվյալ վայրում ով կկարողանա շրջիկ առևտրով զբաղվել․ դա նաև կոռուպցիոն ռիսկ է պարունակում ըստ իս։ Կենտրոն համայքում էլ առաջիկայում չեն թույլատրելու զբաղվել շրջիկ առևտրով․ այդ մասին էլ վեևջերս հեռուստահաղորդման ընթցքում իմացա», – նշեց Սամվել Գևորգյանը։

Վերջինս նշեց՝ շրջիկ առևտրով զբաղվողները պատրաստ են նաև պետական տուրք վճարել՝ շրջանառության հարկի հետ մեկտեղ։

«Այո՛, մենք քաղաքին պատրաստ ենք տուրք վճարել։ Մի խնդիր էլ կա․ որպեսզի ամեն մեկն իր ճաշակով ինչ-որ բան չանի շրջիկ առևտրի կենտրոնում՝ քաղաքի տեսքը փչացնելով, մենք առաջարկել ենք, որ ավագանին սահմանի հաստատված էսքիզային տարբերակներ, որոնց համապատասխան կլինեն շրջիկ առևտրի կենտրոնները, դրանց դիայնը։ Արտաքին տեսքն էլ կլինի այնպիսին, որ քաղաքի արտաքին տեսքի վրա բացասաբար չի անդրադառնա։ Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք բազմատիվ մարմիններում՝ քաղաքապետարան, Կառավարություն, Արրդարադատության ու էկոնոմիկայի նախարարություններ, ՄԻՊ գրասենյակ․․․․

Այսօր խոսում էի ՄԻՊ գրասենյակի մասնագետի հետ, նա ասաց՝ այս հարցի հետ կապված՝ զեկույց են կազմել, քաղաքապետարանի այդ նախագիծն իրենց համար էլ է անընդունելի, քանի որ որոշակի, հստակ որևէ բան չի պարունակում։ Շրջիկ առևտրի տեղերը ի՞նչ սկզբունքով են սահմանելու։ Հիմա կարող են 5 մետր այն հողմ սահմանել ու առևտուր չլինի։ Ամբողջ աշխարհը բիզնեսի ազատականացման ուղիով է գնում, դուք էս ի՞նչ եք անում․ նման բան մեկ էլ սովետի ժամանակ էին անում։ Ասում ենք՝ թողե՛ք, թող առողջ տնտեսական մրցակցություն լինի, ու ով լավ չի աշխատի, կփակվի», – ասաց Սամվել Գևորգյանը՝ նշելով՝ իրենց շրջիկ առևտրի կենտրոնում բոլոր աշխատողները գրանցված են, աշխատում են ուսանող աղջիկներ, որոնք իմանալով, որ հոսանքի անջատման պատճառող աշխատել չեն կարող, պարզապես լաց են եղել, քանի որ նրանք միջին աշխպատավարձ են ստանում և կարողանում են և՛ աշխատել, և՛ սովորել, իսկ հիմա փաստացի կարող են զրկվել այդ հնարավորությունից։

«Սա ռեկետի պես բան էր։ 10-15 հոգով եկան, հոսանքն անջատեցին։ Ինչպե՞ս հասկանալ։ Քաղաքապետարանում աշխատող մի պաշտոնյայի հետ էլ զրուցեցի, ասացի՝ ըստ Ձեզ՝ այպես 10-15 հոգով եկել եք, հոսանքն եք անջատում, և ինչ անում ենք, օրենքո՞վ ենք անում, կիսահեգնանքով ասաց՝ չէ, ընկեր, մենք ճշտով ենք անում։ Այսքանից հետո էլ ինչպե՞ս հույս ունենանք, որ մեր կարծիքը կլսեն։ Ես ուղղակի հասկացա՝ այդ մարդկանց հետ անիմաստ է ինչ-որ ան քննարկել, այդ ամենը նկարել էլ չհասցրի, հնարավորություն ուղղակի չտրվեց։ Մենք մեր նախաձեռնություններն ենք ներկայացրել պատկան մաիմիններին, չենք հասկանում՝ ի՞նչն է իրենց հետ պահում, խանգարում, որ մեր կարծիքներն էլ հաշվի առնեն։

Կարծում են՝ իրենք ամենազոր են, ամեն ինչ պիտի մեր փոխարեն որոշեն, մնում է՝ գան մեր բիզնեսն էլ մեր ձեռքից վերցնեն, ղեկավարեն։ Բայց, այսուամենայնիվ, մենք պայքարելու ենք», – ասաց Սամվել Գևորգյանը։

Irakanum.am

2019-04-20T00:21:33+04:00April 19 23:19|Հասարակություն|0 Comments