»»»Վաղարշապատում առանձնակի դաժանությամբ սպանված, Էջմիածնում հայտնի կոնյակի խանութի սեփականատիրոջ առևանգված Lexus-ը հայտնաբերվել է Դիլիջանում՝ վթարի ենթարկված

Վաղարշապատում առանձնակի դաժանությամբ սպանված, Էջմիածնում հայտնի կոնյակի խանութի սեփականատիրոջ առևանգված Lexus-ը հայտնաբերվել է Դիլիջանում՝ վթարի ենթարկված

Երեկ՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում Lexus մակնիշի տրանզիտ 8800 GL համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի 3-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել 4-րդ ոլորանի սկզբնամասում՝ բախվելով ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատն ու ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրից 2 հոգի, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում, տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն: Տեղում Կ. Աբազյանը կարողացել է պարզել, որ Lexus-ի վրա տեղադրված տրանզիտ համարանիշները կեղծ են ու իրական համարանիշները 15 DD 999-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի տիրոջը ժամեր առաջ առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերել էին Վաղարշապատի ոստիկանները Էջմիածին քաղաքի ՝ իր բնակարանում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե դասակի հրամանատարը ճիշտ չկողմնորոշեր ու Դիլիջանի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները օպերատիվ չգործեին ու ժամանակին վիրավորներին չբռնեին, ապա նրանք, ովքեր ավտոմեքենայից դուրս էին եկել իրենց ուժերով, հնարավոր է՝ դեպքի վայրից հեռանային ու իրավապահները կանգնեին փաստի առաջ, բայց այս դեպքում ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները ոչ միայն օպերատիվ գործեցին, այլ նաև արդեն ժամանած Դիլիջանի ոստիկանության բաժնի ծառայողների հետ հսկողության տակ վերցրեցին վիրավորներին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Դլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Բադիրյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:

Դիլիջան էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի 1-ին տեղակալ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարված Lexus-ի մոտ հայտնաբերվել են նաև իրական համարանիշները և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայում են եղել սպանություն կատարողներն ու օժանդակողները: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 13-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Ժամանել էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել էին տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մարմնի վրա կային բազմաթիվ վնասվածքներ: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ) հատկանիշներով: Խմբի ղեկավար է նշանակվել Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը: Սեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: Հաշվի առնելով հանցագործութան վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էր ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ սպանվածը հայտնաբերվել է ննջասենյակում՝ կպչուն ժապավենով բերանը, ոտքերն ու ձեռքերը կապած, և մարմնական բազմաթիվ վնասվածքներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/14/1122277/

2019-04-14T12:05:46+04:00April 14 12:05|Պատահարներ|0 Comments