»»Փաշինյանը մերժել է Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար անձնական երաշխիք ներկայացնելու առաջարկը

Փաշինյանը մերժել է Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար անձնական երաշխիք ներկայացնելու առաջարկը

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում  անձնական երաշխիք չի կարող տալ, որ «Սպայկայի» տնօրենն ազատ արձակվի. այս մասին հայտարարեց «Սպայկայի» զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը կառավարության մոտ ակցիա անող աշխատակիցներին:

«Դա վարչապետի ցանկությունն է, մենք տարբեր հարցեր ենք այսօր հնչեցրել, մենք կարող ենք ամեն օր հավաքվել, մեր բողոքի ցույցն անել: Ես չգիտեմ, թե դա օրենքի տառով ոնց է կարգավորվում, չգիտեմ՝ ինչու մեր խնդրանքին այսպես արձագանքեց, բայց դա իր ցանկությունն է, գուցե կա նման պատճառ: Մենք գործ ունենք երկրի ղեկավարի հետ, պետք է պատասխանատու կերպով վերաբերվել ցանկացած որոշման, եթե նույնիսկ այդ որոշումը մեզ չի բավարարում, մենք հարգում ենք նրա որոշումը»,- ասաց նա:

Նա հավելեց, որ  հարգում է վարչապետի ցանկացած որոշում, բայց բավարարված չէ այդ որոշումից: «Մենք միասին կորոշենք, բողոքի տարբեր ակցիաներ կիրականացնենք և մեր պահանջները կներկայացնենք, մենք մեզ իրավունք չենք վերապահելու խաթարել հասարակական կարգը, վնասել մեր երկրի առանց այդ էլ վնասված տնտեսությանը, մենք փորձելու ենք մեր ներուժը դնել, որ այդ վնասները քիչ լինեն: Անխուսափելի, անդառնալի վնասներ են լինելու մեր ընկերության, մեր երկրի համար: Բայց թող պարզեն, թե ինչու այդպես եղավ: Ես հավատում եմ, որ մեր երկրի ղեկավարը գիտակցում է մեր բարձրացրած «ինչու»-ներով հարցերը»,- ասաց Կարեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ այսօր իրենք հասել են նրան, որ բոլորը հասկանում են՝ կան «ինչու»-ներ, որոնք անպատասխան են: «Եթե մենք փորձենք այսօր ավելին անել, դա ի վնաս մեզ է լինելու, մենք գիտակից մարդիկ ենք բոլորս և մեզ համար հեշտ է հավաքվել, բողոքել: Մենք էմոցիաների մեջ հիմա չպիտի ընկնենք, շատ մեծ աշխատանք ունենք անելու: Ընկերության ղեկավարումը ստանձնելը սարսափելի դժվար գործ է, մենք գիտենք ինչ պետք է անել»,- նշեց նա:

Նա, դիմելով բողոքի դուրս եկած աշխատակիցներին, նշեց, որ  ընկերության ղեկավարությունը պետք է խորհրդակցի իրավաբանների հետ:  «Մենք չգիտենք, թե ներսում ինչ է եղել, որ նման որոշում է  կայացվել: Բոլոր քննարկումներն անելուց հետո կտեղեկացնենք ձեզ, մեր ընկերության ղեկավարումը վստահելի ձեռքերում է, մինչև որ Դավիթ Ղազարյանը նորից դուրս կգա»,- ասաց նա:

Բողոքի ակցիան դադարեցվեց:

2019-04-08T17:33:06+04:00April 8 17:33|Տնտեսություն|0 Comments