»»»Հակահեղափոխականների «ականը» Ազատության հրապարակում

Հակահեղափոխականների «ականը» Ազատության հրապարակում

Երեւանի սրտում երկու օր է բողոքի գործողություններ են տեղի ունենում։ Առհասարակ ամենատարբեր հարցերով բողոքի ակցիաներ կազմակերպելը, հաճախ փողոցներ ու մայրուղիներ փակելը դարձել է հայասատյան իրականության անբաժանելի մասը։ Արդեն երկրորդ օրն է բողոքի գործողությունների հարթակը Ազատության հրապարակն է, որտեղ սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները փորձում են թույլ չտալ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին ապամոնտաժել մի քանի սրճարաններ՝ Օպերայի շրջակա տարածքը կանաչապատելու նպատակով։ Այսօր արդեն միջամտեց ոստիկանությունը, գործադրելով օրենքով սահմանված իր լիազորությունները ցուցարարներին նախ փողոցից հեռացնելու, ապա արդեն ապամոնտաժման աշխատանքները իրականացնելիս։

Այն, որ սրճարանի աշխատակիցների բողոքն արդարացի է, չենք վիճարկում, բայց որքանո՞վ է ազնիվ առաջին պլան մղել սրճարանի այն աշխատակիցներին, ովքեր հավանաբար առաջիկա օրերին աշխատանքի կանցնեն քաղաքի այլ օբյեկտներում։ Որտե՞ղ են սրճարանի իրական սեփականատերերը, ինչո՞ւ են թաքնվել քաղաքացիների թիկունքում։

Օրվա երկրորդ կեսին արդեն հնչող որոշ կոչեր եկան ապացուցելու, որ բողոքողների խնդիրը սոցիալականից տեղափոխվում է քաղաքական դաշտ։ «Ռոբերտ վարչապետ», – եղան նման վանկարկումներ։ Այստեղ է իրականում թաքնված շան գլուխը։ Հայաստանում հակահեղափոխության վտանգ առկա է եղել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հենց հաջորդ օրը։ Այն իրականացնելու մոլուցքով տառապում է Քոչարյանն ու նրան սպասարկող արտախորհրդարական որոշ քաղաքական ուժեր, ովքեր դուրս են մնացել քաղաքական ասպարեզից, հայտվելով լուսանքում։

Կանխել հնարավոր հակահեղափոխությունը։ Սա է լինելու գործող իշխանությունների հիմնական նպատակը։
Միեւնույն ժամանակ Օպերայի տարածքում գործող սրճարանների ապամոնտաժումը չպետք է շրջանցի յուրայիններին, կամ գործող իշխանությունների հետ արդեն իսկ հարցերը կարգավորողներին։ Սա եւս կարող է հղի լինել վտանգավոր հետեւանքներով։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սխալվելու իրավունք չունի։ Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման գործընթացը ըստ Կենտրոնի թաղապետի տեւելու է տասը օր։ Այս ընթացքում դարձյալ կլինեն «անտեսանելի» ուժեր, ովքեր կփորձեն իրադարձությունների զարգացումը հօգուտ իրենց դասավորել։ Սակայն այսօրվա ակցիայում հնչեցված կոչերը պայթեցրեց այն «ականը», որը հակահեղափոխականները փորձում էին դնել իշխանության ոտքերի տակ։ Առհասարակ ականը սեփական ձեռքերում պայթելու վատ սովորություն էլ ունի։

Irakanum.am