»»Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողների հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողների հետ

Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային և  Անդրեյ Շիրցելին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը` որպես համախմբված ջանքերի և առկա փորձի ու գիտելիքների փոխանակման միջոցով Հայաստանի զարգացման օրակարգը խթանելու  լրացուցիչ հարթակ:

Կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների առնչությամբ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի լիակատար աջակցությունը դրանց դիմագրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Զրուցակիցների խնդրանքով անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը հստակ գործողություններով ապացուցել է քաղաքական կամքը՝ կյանքի կոչելու ապրիլի-մայիս ամիսներին ժողովրդի կողմից ընձեռված, ապա դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերահաստատված լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները: Որպես կառավարության գերակայություն՝ նախարար Մնացականյանն առանձնացրել է տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովումը:

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներն և սկզբունքային դիրքորոշումը: Այս համատեքստում կողմերն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ռիսկերի նվազեցման մեխանիզմների ներդրման կարևորությունը:

2019-03-14T20:54:48+00:00March 14 20:54|Հասարակություն|0 Comments