»»Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի բացման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է խորհրդարանի դերակատարությունը ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում և ողջունել 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի նիստերին մասնակցության առավել ընդգրկուն կազմը, որը ներառում է պատգամավորներ բոլոր երեք խմբակցություններից: Մասնավորապես՝ նիստին ներկա են եղել եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Սիմոնյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նիստի սկզբում միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Սեդրակ Բարսեղյանը ներկայացրել է ՀԳԸՀ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների ընթացքը և նշել, որ ներկայումս Եվրոպական կողմի հետ քննարկման փուլում է գտնվում ճանապարհային քարտեզի այն հատվածը, որը բխում է Համաձայնագրի՝ 2018 թվականի հունիս 1-ից ուժի մեջ մտած դրույթներից: Միաժամանակ հավելել է, որ հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում քննարկել և հավանության է արժանացրել նաև Համաձայնագրի դեռևս ուժի մեջ չմտած դրույթներից բխող մի շարք ոլորտների միջոցառումների ճանապարհային քարտեզը, և այս նիստի ընթացքում քննարկվելիք միջոցառումների ճանապարհային քարտեզի հաստատումը թույլ կտա հայկական կողմին ամփոփել նաև ՀԳԸՀ ճանապարհային քարտեզի այդ հատվածը:

Նիստի օրակարգում էին ճանապարհային քարտեզում ներառվելիք այն միջոցառումները, որոնք վերաբերում էին աշխատանքային իրավունքին, աշխատանքային պայմանագրերի և աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորմանը, աշխատավայրում առողջության և անվտանգության պաhպանմանը: Որպես հիմնական զեկուցողներ հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Զեկույցներ են եղել նաև Արդարադատության նախարարության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների կողմից, քանի որ որոշակի միջոցառումների կատարման հիմնական պատասխանատուն տվյալ պետական մարմիններն են:
Օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչները քննարկել են և կարևորել օրենսդրական լուծում պահանջող կարգավորումների հետագա կիրարկման գործընթացը:

Օրակարգում ներառված ճանապարհային քարտեզի միջոցառումներից են աշխատանքային հարաբերությունների նկատմամբ կիրառվող պայմանների մասին աշխատակցին տեղեկացնելու գործատուի պարտավորության, ժամանակավոր աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների, ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների համար միասնական իրավական դաշտի սահմանման և խտրական վերաբերմունքի բացառման վերաբերյալ հարցերը: Կարգավորման ենթակա հարցերից են նաև աշխատաժամանակի կազմակերպումը, հղի կամ կերակրող մայրերի՝ աշխատավայրում անվտանգության և առողջության բարելավումը: Աշխատավայրում անվտանգության ապահովման տեսանկյունից ճանապարհային քարտեզում ներառվել են աշխատանքային սարքավորումների օգտագործման՝ անվտանգության նվազագույն պահանջների սահմանման, աշխատավայրում քաղցկեղածին, քիմիական նյութերի, ֆիզիկական և կենսաբանական գործոնների ազդեցությանը ենթարկվելու վտանգերից աշխատողներին պաշտպանելու, ինչպես նաև շինարարական հարթակներում աշխատողների անվտանգությունն ապահովելու նվազագույն պահանջների սահման մասին ԵՄ հրահանգներից բխող միջոցառումները:

Հրահանգներով սահմանված հիմնական հարաբերությունների կարգավորումը ներառում է տարբեր մեխանիզմների միջոցով գործատուների և աշխատողների պարտավորությունների ու իրավունքների շրջանակի սահմանումը, մասնավորապես աշխատողների տեղեկացվածության, վերապատրաստումների, առողջության և անվտանգության տեսանկյունից ռիսկերի բացահայտման, նվազեցման ու կանխարգելման և մի շարք հարցերի վերաբերյալ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ամփոփելով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, կարևորել է առաջիկայում մշակվող միջնաժամկետ ծրագրերի համապատասխանությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումներին՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

2019-02-18T22:15:58+00:00February 18 22:24|Հասարակություն|0 Comments