»»Շիրակում բնակարանների թալանը մտահոգիչ ծավալների է հասել

Շիրակում բնակարանների թալանը մտահոգիչ ծավալների է հասել

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մտահոգիչ թվեր է հրապարակել բնակարանային գողությունների առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

Շիրակի մարզում 2017 թվականի հետ համեմատ 2018 թվականին բնակարանային գողությունների թիվն ավելացել է 20-ով՝ 71-ից դառնալով 91։ Դատախազին անհանգստացնում է բացահայտման ցուցանիշը, որը, ըստ նրա, կազմում է 22 տոկոս։

«Այս հանգամանքն ինձ շատ է մտահոգում․ բազմիցս թե՛ բանավոր, թե՛ գրավոր հանձնարարություններ, միջնորդագրեր են հասցեագրվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, տարբեր ստորաբաժանումների, տարբեր գերատեսչությունների։ Անձամբ այսօր գրություն եմ հասցեագրել Շիրակի մարզպետին և առաջարկել եմ, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ղեկավար կազմի հետ քննարկեն և վեր հանեն թիրախ և ռիսկային գոտի հանդիսացող բնակավայրերը, որտեղ կատարվում են գողություններ և գործուն միջոցներ ձեռնարկեն նշված բնակավայրերում տեսախցիկներ տեղադրելու ուղղությամբ, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկեն բազմաբնակարանային շենքերի մուտքերին կոդավորվող դռներ տեղադրելու համար»,- ասել է Կարեն Գաբրիելյանը՝ նշելով, որ թիրախում հարուստներն են։

Հիմնականում ունևոր մարդկանց են թիրախ դարձնում ու հիմնականում հանցագործ անձինք տեղեկացված են լինում գողոնի գտնվելու վայրի մասին։ Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպքի վայրի իրերի զննությունը, իրեղեն ապացույց համարվող առարկաները հափշտակվել են կոնկրետ տեղից և նշված բնակարանում որևէ խառնաշփոթ իրավիճակ առկա չէ։ Հանցագործներն իրազեկված են եղել գողոնի կոնկրետ տեղակայման մասին», -ասել է դատախազը։

Նրա տեղեկացմամբ, գողություններ կատարվել են այն բնակարաններից, որտեղ ժամանակավորապես կամ մշտապես բնակություն չեն հաստատել։ Եղել են դեպքեր, երբ տանտերերը հարսանիքի են գնացել, վերադարձել են տուն՝ տեսնելով, որ արժեքավոր իրերը թալանվել են։

Այս առումով հատկապես ռիսկային են դարձել Անի և Մուշ թաղամասերը։ Կարեն Գաբրիելյանի փաստմամբ, գողությունների կատարման ձեռագիրը գրեթե նույնն է, որը առիթ է դարձել ենթադրելու, որ գործում է հանցավոր խմբավորում․ նրանք հիմնականում մուտք են գործում բնակարանների մուտքի դռան փականները կամ պատուհանների փեղկերը կոտրելու եղանակով։

2019-02-18T21:30:33+00:00February 18 21:30|Հասարակություն|0 Comments