»»Հայր և որդի Արսենյանները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում

Հայր և որդի Արսենյանները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը օրեր առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Գործարարին՝ իրավապահների մոտ հրավիրելու պատճառը նախկինում գործած ապօրինություններն  են եղել։ Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարի ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Աշոտ Արսենյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ցանկալի արդյունքներ ապահովելու համար ընտրակաշառք է բաժանել։ Ընտրակաշառքը բաժանվել է Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի արդեն նախկին ղեկավար Մհեր Մովսիսյանի ձեռամբ։ Ի դեպ Մովսիսյանը  հրաժարական էր ներկայացրել համայնքապետի պաշտոնից, սակայն այսօր մասնակցում է ՏԻՄ ընտրություններին։

Բացի այդ ՀՔԾ-ում Աշոտ Արսենյանը պարզաբանումներ է տվել, թե ինչպես է ձեռք բերել «Ջերմուկ» գրուպ ընկերությունը, ինչ ճանապարհներով է հարստացել։ Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ Արսենյանը ընկերությունը խլել է մեկ այլ գործարարից։

Հեղափոխությունից հետո Աշոտ Արսենյանը, ինչպես հայտնի է լքեց Սերժ Սարգսյանին, եւ «պաշտպանեց» հեղափոխականներին, այդ կերպ ցույց տալով, թե իր  թիկունքում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։  Անգամ Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվեր էր Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում»։ Սակայն  ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում է հայտնվել նաեւ Արսենյանի որդին՝ նույն Վահագնը։

Ինչպես հայտնի է, Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են պարտադիր զինծառայությունից, ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է եւ զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով։ Իսկ կրտսեր որդի Վահագն Արսենյանը՝ առողջական, որոշ տեղեկություններով՝ տեսողության հետ կապված հիմքով։

Մեր տեղեկություններով, վերջերս, ի թիվս շատերի, վերաբացվել է նաեւ Արսենյանի որդու ազատման գործը, Արսենյանն էլ, հասկանալով որդու գլխին գալիքը, նրան տեղափոխել է Ռուսաստան։ Ինչպես ասում են պապան փորձել է փրկել «բալիկին», նրա փոխարեն եւս «հյուրընկալվելով» իրավապահներին։ Այս առումով այլ մանրամասներ՝  առաջիկայում։

Irakanum.am

 

2019-02-17T17:49:04+04:00February 17 17:49|Իրավական|1 Comment