»»«ԱԱԾ-ին հրահանգված էր ինձ ֆիզիկապես ոչնչացնել»․ Փաշինյան

«ԱԱԾ-ին հրահանգված էր ինձ ֆիզիկապես ոչնչացնել»․ Փաշինյան

ԱԱԾ-ին հրահանգված է ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալել, այլ զինված հարձակման իմիտացիա ստեղծել, և ֆիզիկապես ոչնչացնել։ Այս մասին այսօր՝ փոտրվարի 16-ին,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ընթացքում։ Վարչապետն այսօր Loft ակումբում հրավիրված քննարկմանը պատմել է իր ընդհատակում գտնվելու, գրքում օգտագործված գրականության ու գրքի հրատարակման պատմության մասին, հայտնում է  news.am-ը։

«Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ որ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, Հակոբը Սիմիդյանը  անընդհատ գնում-գալիս էր ու հայտնում, թե ինչ են խոսում մարդիկ: Այդ ժամանակ շատ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում էին` այս դեսպանատանն է թաքնված, այն դեսպանատանն է թաքնված: Հետո ամենամեծ կարծիքն այն էր, որ Դուբայում են տեսել, Աթենքում են տեսել և այլն: Այդ ժամանակ մամուլը սկսեց գրել, որ ԱԱԾ-ին հրահանգված է ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալել, այլ զինված հարձակման իմիտացիա ստեղծել, և ֆիզիկապես ոչնչացնել: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր, և ես առաջինը մտածում էի հետևյալը, եթե այդ բանը տեղի ունենա, հարց է` բա մարդիկ հետո ինչ կմտածեն, ո՞վ էր, ի՞նչ էր ուզում աներ, էս ինչի եկավ: Եվ ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ  մի բան, բովանդակություն, որ, եթե որևէ մեկին երբևէ հետաքրքրի, թե ինչ էր կամ ով էր, կարողանա ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև քաղաքական տեքստերն ու ելույթները երբեմն այդքան խորը չեն կամ, եթե նույնիսկ խորն են, դրանց ամբողջ խորքը տեսանելի չէ, որովհետև դրանք շատ ընթացիկ իրավիճակի հետ են կապվում: Եվ երկրորդը` ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Երևանում եմ, Հայաստանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետև այդ համոզվածությունն արդեն կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ այդտեղից առաջացավ գաղափար` գրել ի սկզբանե հոդվածների շարք, որը նրանց կշեղի իրեն փնտրելու ճիշտ ճանապարհից:

Փաշինյանը պատմեց, թե ինչու է գիրքը ստացել «Երկրի հակառակ կողմը» վերնագիրը։

«Ինչու հակառակ կողմից, այս գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ դեպի Ազատության հրապարակ: Ամբողջ գաղափարը հետևյալն էր` Մյասնիկյանի արձանի մոտից գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհին չլինի նահանջելու գործընթացը, երկրորդը, որ դու փախնում ես, բայց չփախչես ինքդ քեզնից: Վեպում կա տող, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ, բայց գնում եմ երկրի հակառակ կողմից»,-ասաց Փաշինյանը:

 

2019-02-16T20:57:43+00:00February 16 20:53|Հասարակություն|0 Comments