»»«Շիրակ» հ/ը-ում ներդրում անող կա, աշխատատեղերը կպահպանվեն մի քանի տարի. Փաշինյան

«Շիրակ» հ/ը-ում ներդրում անող կա, աշխատատեղերը կպահպանվեն մի քանի տարի. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը առաջիկայում կորոշի «Շիրակ» հեռուստաընկերությունը օտարել մի ներդրողի, որը կկատարի ներդրումներ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է կառավարությունը որոշել օտարել «Շիրակ» հեռուստաընկերությունը այն դեպքում, երբ Շիրակի մարզում գործազրկությունը բարձր ցուցանիշներ ունի։ Ինչին ի պատասխան վարչապետն ասաց, որ հեռուստաընկերությունը լուծարելն ունեցել է ե՛ւ քաղաքական, ե՛ւ սոցիալական ենթատեքստ։

«Շիրակի հանրային հեռուստաընկերությունը Հանրային հեռուստաընկերության մասնաճյուղն է, հիմա հարց՝ ինչո՞ւ չկա Արմավիրի հանրային հեռուստաընկերություն, Սյունիքի հանրային հեռուստաընկերություն։ Այսինքն՝ եթե այդպես է, ապա բոլոր մարզերում պետք է բացել մասնաճյուղեր։ Բայց ենթադրում եմ՝ Շիրակի մասնաճյուղը բացվել է մի ժամանակներում, երբ սփռման դժվարություններ են եղել։ Տրամաբանական չէր այս հեռուստաընկերության գոյությունը եւ կառավարությունը այս համատեքստում է կայացրել որոշումը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն իսկ պայմանավորվածություն ունի «Շիրակ» հեռուստաընկերությունում ներդրում կատարելու ցանկություն հայտնած ներդրողի հետ ու առաջիկայում կառավարությունը հեռուստաընկերության ակտիվները կօտարի ներդրողին։ Եւ այս ամենի արդյունքում աշխատատեղերը կպահպանվեն առնվազն մի քանի տարի։ «Այդ մարդիկ, ըստ մեր պայմանավորվածության, չեն մնա առանց աշխատանքի»,- ասաց վարչապետը:

2019-02-12T17:27:14+00:00February 12 17:27|Հասարակություն|0 Comments