»»»«Որ համայնք մտնում ես, աչքի են ընկնում օբյեկտներ, որոնք, պարզվում է, համայնքի ղեկավարինը կամ վերջինիս բարեկամինն են». վարչապետ

«Որ համայնք մտնում ես, աչքի են ընկնում օբյեկտներ, որոնք, պարզվում է, համայնքի ղեկավարինը կամ վերջինիս բարեկամինն են». վարչապետ

ՀՀ կառավարությունն այս տարի նպատակադրվել է 10 միլիարդ դրամ հատկացնել սուբվենցիաներին (սուբվենցիաները համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծրագրի կատարման համար անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներն են): Այս մասին այսօր համայնքապետերի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` խնդիր կա սուբվենցիոն ծրագրերով իրականացնել հատկապես ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր:

Վարչապետը  նշեց, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը  համայնքների սոցիալ- տնտեսական առաջընթացն է: «Խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում»,-ասաց նա:

Անդրադառնալով համայնքներում առկա խնդիրներին՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում համայնքների ղեկավարները տարբերվում են իրենց անցած ճանապարհով, կենսագրությամբ, արժանիքներով:

«Իմ ընկալմամբ «միջին վիճակագրական» համայնքի ղեկավարը պետք է վայելի համայնքի աջակցությունը: Մենք խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավման մասին համայնքներում, բայց որ համայնք մտնում ես, աչքի են ընկնում օբյեկտներ, որոնք, պարզվում է, համայնքի ղեկավարինը կամ վերջինիս բարեկամինն են: Սա զարմանալի իրականություն է: Զարմանալի է, որ դա հանդուրժվում է նաև հանրության կողմից»,-ընդգծեց նա:

Նա նշեց, որ իր համար և ՀՀ կառավարության ու ժողովրդի համար այս մոտեցումը ընդունելի լինել չի կարող:

«Ես ուզում եմ արձանագրել, որ պետական ծառայությունը համայնքի ղեկավարի, ավագանու անդամի կողմից չի կարող և չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն: Պետական պաշտոնյայի գործունեության հիմքը հանրային հարստության բազմապատկումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում կոռուպցիան  պետք է արմատախիլ արվի:

Համայնքների առջև ծառացած հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աղբահանությունն է: «Ես կհամարեմ, որ լրջագույն փոփոխություններ են եղել, երբ մեզ հաջողվի Հայաստանն ազատել աղբից, ժանգոտած կրպակներից ու ավտոմեքենաների թափքերից, և սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համագործակցեն»,-նշեց նա՝ հավելելով, որ մարտի 23-ին ՀՀ-ում համահայկական շաբաթօրյակ կանցկացվի, որը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով: