»»«Մեթամֆետամին» եւ «Հերոին». ՔԿ-ն մանրամասներ է հայտնում իրանցիների կողմից թմրանյութեր ՀՀ բերելու գործի վերաբերյալ

«Մեթամֆետամին» եւ «Հերոին». ՔԿ-ն մանրամասներ է հայտնում իրանցիների կողմից թմրանյութեր ՀՀ բերելու գործի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ այսպիսով՝  ՀՀ քննչական կոմիտեի եւ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019 թվականի  փետրվարի 9-ին՝ ժամը 21:00-ին, Երեւան քաղաքի Ռոստովյան եւ Արցախի փողոցների հատման խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին  բերման է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախկինում մի քանի անգամ դատապարտված Երեւան քաղաքի՝ 1980թ. ծնված բնակիչը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով՝ նույն վայրից նույն ժամին բերման է ենթարկվել 1980 եւ 1971 թվականներին ծնված ԻԻՀ 2 քաղաքացի:

Բերման է ենթարկվել նաեւ Իրանի՝ 1959 թվականին ծնված մեկ այլ քաղաքացի եւ նրան  հիշյալ տարածք հասցրած տաքսու վարորդը, ով հետաքննության մարմնին է ներկայացրել կաշվե պայուսակ՝ հայտարարելով, որ այն պատկանում է ավտոմեքենայի ուղեւոր` ԻԻՀ քաղաքացուն, եւ որի զննությամբ պայուսակից հայտնաբերվել են էլեկտրոնային կշեռք եւ պոլիէթիլենային 5 փոքրիկ տոպրակներով՝ ընդհանուր առմամբ մոտ 52,06 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղային զանգված։

1971 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու անձնական խուզարկությամբ  հայտնաբերվել է մոտ 1,73 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված եւ մոտ 0,60 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։

1959 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու մոտից պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերվել է մոտ 70,87 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող շագանակագույն զանգված, մոտ 5,49 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակավուն զանգված եւ մոտ 1,30 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, թղթե փաթեթով` մոտ 1,44 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված` մոտ 0,37 գրամ մուգ գույնի կիսաայրված զանգված, ինչպես նաեւ ծայրերն այրված պլաստմասե խողովակ։

Վերջիններիս մոտ հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածները ներկայացվել են փորձաքննության, որի եզրակացության համաձայն՝ 1,5 եւ 68,81 գրամ քաշով զանգվածները հանդիսացել են «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Փորձաքննությանը ներկայացված 5,1 գրամ քաշով բյուրեղային զանգվածը հանդիսացել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ կապույտ պոլիմերային ձողիկի մակերեսներին հայտնաբերվել են «Մեթամֆետամին» եւ «Հերոին» տեսակի թմրամիջոցների հետքեր:

Փորձաքննությանը ներկայացված արծաթափայլ նրբաթիթեղի մակերեսին հայտնաբերվել են «Հերոին» տեսակի թմրամիջոցի հետքեր:

1959 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 89,6 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, մոտ 0,62 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված` սպիտակ պոլիմերային ձողիկ, պլաստմասե 2 տարաներ` մոտ 121,23 եւ 53,21 գրամ քաշերով՝ յուրահատուկ հոտով զանգվածի պարունակությամբ։

Խուզարկությամբ հայտնաբերված հիշյալ թմրամիջոցներով եւս նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։

Նշենք, որ «Հերոին» եւ «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութի 1 գրամն արժե 200-ից 300 ԱՄՆ դոլար, իսկ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի 1 գրամը ՝ 7-10 հազար ՀՀ դրամ:

1971 եւ 1959 թվականներին ծնված ԻԻՀ քաղաքացիները ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով։

2019-02-11T17:18:42+00:00February 11 17:25|Իրավական|0 Comments