»»»Դու քո հարցերը լուծի, նոր կոկորդիլոսի. Լեզվակռիվ մարզպետի և գյուղապետի միջեւ

Դու քո հարցերը լուծի, նոր կոկորդիլոսի. Լեզվակռիվ մարզպետի և գյուղապետի միջեւ

«Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին այսօր թույլ չի տրվել, որ Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը մոտենա ամբիոնին ու բարձրաձայնի գյուղում առկա խնդիրները։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գյուղապետին հորդորել է  «կարճ կապել»։

Լրագրողների հետ զրույցում Գարիկ Սարգսյաննը պարզաբանել է, որ այսօրվա համաժողովին նախատեսված չէր հարցուպատասխան նախարարի ու համայնքապետերի միջև, այդ պատճառով էլ թույլ չի տվել գյուղապետին խոսել։

«Իր բնավորությունն իմանալով՝ ինքը միշտ հարցեր է բարձրացնում, երկարացնում է, այստեղ հարցուպատասխան չէր կարող լինել հայմանքի ղեկավարների ու նախարարի միջև, քանի որ նախատեսված չէր։ Ոչ ոք նրան թույլ չէր տվել ելույթ ունենալ, ես էլ՝ որպես  մարզպետ, իմ համայնքի ղեկավարին հորդորեցի ելույթ չունենա, եթե ունենալու է, գոնե՝ կարճ», – ասել էր  Գարիկ Սարգսյանը։

Մարզպետը նաեւ նշել էր, թե  շատ լավ գիտի Այգեստանի համայնքապետին։ «Ինքը միշտ մարզխորհրդի նիստերին էլ կամ քնած է, կամ… չգիտեմ», – ասել էր  Գարիկ Սարգսյանը։

Irakanum.am-ի հետ զրույցում, սակայն Սոկրատ Հովսեփյանը նշեց, որ գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին ցանկանում էր բարձրացնել։ «Ես գյուղում պրոբլեմներ ունեի, որ ուզում էի ներկայացնել կառավարությանը, գրավոր գրել եմ, մտածեցի՝ էսօր կգնամ բանավոր կասեմ։ Վարչապետը խոսեց ոչ մի բան չէր լսվում, եկա դահլիճ էր։ Հետո վարչապետը գնաց, որից հետո խոսեց տարածքային նախարարն ու գնաց։ Էդ վարչության պետ կար խոսաց, ասեց հարցեր կան, մեկը խոսաց, էլի չէր լսվում, ոչ միկրաֆոն կար, ոչ բան։ Մոտիկացա ասեցի թողեք միկրաֆոնով հարց տամ, որ լսելի լինի, էդ ժամանակ սա (նկատի ունի Գարիկ Սարգսյանին) բա կարճ կկապես։ Ասի, դու ով ես արա, որ ինձ ասես կարճ կապես։ Դու հլա չգիտես ես ինչի մասին եմ խոսում։ Սա որ առաջին  անգամ եկել էր, գյուղում մի հատ փեսա ուներ, ուզում էր գյուղապետ դարձներ, մտածում էր իմ վրա կարող է «բոչկա» գլորել։ Իմ վրա երկու հատ քրեական գործ հարուցվեց, որը իհարկե կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով»,- ասաց գյուղապետը։

Ըստ նրա ինքը մշտապես ազնիվ աշխատել է, եւ որեւէ անօրինական քայլերի չի դիմել։ «Մի լրատվականի բան է գրել, ասելով թե իբր ես մարզխորհրդի նիստերի ժամանակ քնած եմ լինում։ Եղբայր, ես գյուղապետ եմ, 77 տարեկան մարդ եմ, առավոտ շուտ դաշտ եմ գնում երեկոյան գալիս եմ, գյուղապետարանում աշխատում եմ, թերթերում հոդվածներ գրում եմ, ֆիզիկապես առողջ եմ։ Դու, որ անհոդաբաշխ նախադասություններով խոսում ես կոկորդիլոսի ձվերի մասին, երբ, որ Արարատյան  դաշտավայրում լիքը պրոբլեմներ կան։ Ես նիստերի ժամանակ աչքերս փակում եմ, որ գոնե միայն լսողությունս «բռնաբարվի», ոչ թե տեսողությունս էլ»,- ասաց Ս․ Հովսեփյանը, ըստ էության պարզաբանելով թե ինչու է նիստերի ժամանակ «քնում»։ Գյուղապետը նշում է, որ Արարատի մարզպետը ունակ չէ որեւէ խնդիր լուծել, բացի այդ անիմաստ է համարում համաժողովները, որոնց ժամանակ միայն նրա գնահատմամբ ճառ են ասում։

Ինչ վերաբերում է Արարատի մարզում կոկորդոլիսաբուծություն հիմնելուն եւ զարգացնելուն, ապա Ս․ Հովսեփյանը այն համարում է ծիծաղելի։ «Լսի, խելքդ չի հասնում կոկորդիլոսից ես խոսում։ Դու քո հարցերը լուծի, նոր կոկորդիլոսի։ Ամեն մի երկիր իր բնակլիմակայական պայմանները ունի։ Հիմա, ոնց որ մեր սարի այծերը տանեն այլ երկիր պահեն»,- ասաց գյուղապետը, հավելելով, որ կգտնի այլ տարբերակներ գյուղի խնդիրները բարձրաձայնելու համար։

Irakanum.am

2019-02-11T19:42:57+04:00February 11 19:42|Հասարակություն, Մարզեր|0 Comments