»»«Քանաքեռցի Բգոն» «ռազբորկայի» ժամանակ կրակել է երկու երիտասարդի վրա

«Քանաքեռցի Բգոն» «ռազբորկայի» ժամանակ կրակել է երկու երիտասարդի վրա

1in.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Բագրատ Թումանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:

38-ամյա Բագրատ Թումանյանին մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարած սպանության փորձի և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի փետրվարի 6-ին, ժամը 18-ն անց 06-ից մինչև 18-ն անց 22-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Քանաքեռի 14 փողոցի սկզբնամասում՝ ճանապարհի բանուկ հատվածում, Արման Վ.-ի կնոջ աշխատանքային հարցերի շուրջ Բագրատ Թումանյանը վիճաբանել է Ռուդոլֆ Ս.-ի, Արմեն Է.-ի և Ռազմիկ Թ.-ի հետ, որի ընթացքում Ռուդոլֆին ու Արմենին սպանելու դիտավորությամբ, գիտակցելով անցորդների կյանքն ու առողջությունն իրական վտանգի տակ դնելու հանգամանքը, իր կողմից ապօրինի ձեռք բերված հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել է Ռուդոլֆի ու Արմենի որովայնի առաջնային պատի շրջանին: Վերջիններիս թափանցող հրազենային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքը փրկվել է:

Դատարանում Բագրատ Թումանյանը՝ «Քանաքեռցի Բգոն», հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմուքներից մեկում նա իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ միայն ապօրինի զենք պահելու համար, իսկ սպանության փորձի համար իրեն մեղավոր չի ճանաչել «բացարձակ»:

Մեկ այլ նախաքննական ցուցմունքում Բագրատ Թումանյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու հայտնել է, թե դեպքի օրը գտնվել է հորը պատկանող կոշկակարի տաղավարի մոտ: Տեսել է հավաքված տղաների, ովքեր վիճաբանում էին: Նրանցից ճանաչել է միայն Արմանին, վերջինիս բարևել է, բայց վիճաբանությանը չի մասնակցել: Արմանը երեխայի հետ էր: Այդ դեպքի ժամանակ ինքը որևէ մեկի վրա չի կրակել, ինքը զենք չի ունեցել: Նախորդ ցուցմունքում ապօրինի զենքի համար իրեն մեղավոր է ճանաչել, բայց դա եղել է այն պատճառով, որ իրեն բերման էին ենթարկել ֆիզիկական ուժ գործադրելով, ձեռքերը շղթայել էին, բոլոր դեպքերում ինքը վախեցած էր … Մտածել է՝ եթե դատվելու է, ավելի լավ է մեղմ հոդվածով դատվի…

Բագրատը նշել է՝ ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ ինքը պարզել է, որ իր դեմ որոշ վկաներ ցուցմունք են տվել, իբր իր ձեռքին ատրճանակ է եղել, որով ինքը կրակել ու վնասվածքներ է պատճառել տուժողներին: Իրականում նման բան չի եղել, ինքը պատրաստ է այդ վկաների հետ առերես հարցաքննվել ու հերքել նրանց ցուցմունքները: Ինքը դեպքի պահին միայն հանդարտեցրել է կռվող տղաներին՝ ասելով՝ մի՛ արեք, բայց նրանք իրեն չեն լսել:

Բագրատ Թումանյանը հայտնել է, որ առողջական վիճակը վատ է, գտնվում է բժիշկների հսկողության տակ…

Կալանավայրում Բագրատ Թումանյանը գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ: 2016 թվականի ապրիլի 6-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Բագրատ Թումանյանը կատարել է ինքնավնասում՝ մարմնի տարբեր մասերում կտրվածքներ է կատարել ու հրաժարվել է բուժօգնությունից:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Բագրատ Թումանյանը ճանաչվել է մեղսունակ:

Գործով տուժողներ Ռուդոլֆի ու Արմենի ներկայությունը դատարանում ապահովել հնարավոր չի եղել՝ ՀՀ-ից նրանց բացակայելու պատճառով:

Դատարանը հետազոտել է տուժողների նախաքննական ցուցմունքները:

Արմեն Է.-ն հայտնել է, որ ինքը հաճախ է այցելել Քանաքեռ 9-րդ փողոցում բնակվող տատիկին:

2015 թվականի հունվարի 22-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում գնացել է Զ. Սարկավագի փողոցում գտնվող «Լույս» խանութի մոտ, որ քրոջը աշխատանքից տուն տանի: Խանութի մոտ հավաքված մարդիկ կային, նրանց մեջ ճանաչել է խանութի տիրոջը՝ Արտակին: Ինչքան հասկացել է՝ խոսում էին խանութը ուշ փակելու մասին: Որոշակի լարվածություն կար խոսակցության մեջ: Ինքը մոտեցել ու հորդորել է, որ վիճաբանություն չլինի:

Փետրվարի 6-ին, ժամը 18-ի սահմաններում իր մեքենայով անցել է Քանաքեռի՝ Սարկավագի փողոցով, թեքվել է 14-րդ փողոց, մեքենան կայանել է մայթեզրին: Մտել է խանութ, ծխախոտ է գնել, դուրս է եկել ու քայլել դեպի մեքենան: Հավաքված մարդիկ կային: Քայլելու ընթացքում ինքը գլխին ուժեղ հարված է զգացել, ուշաթափվել է, ուշքի է եկել մեքենայի մեջ՝ իրեն արդեն տանում էին հիվանդանոց: Ինքը չի հիշում, որ Բագրատ Թումանյանը կրակած լինի իր վրա:

Տուժող Ռուդոլֆ Ս.-ն հայտնել է, թե չի հիշում՝ ինչու է հայտնվել հիվանդանոցում, միայն հիշում է, որ դեպքի օրը սուրճ խմելու նպատակով դուրս էր եկել տանից:

Գործով ականատես վկա Ռազմիկ Թ.-ն դատարանում հայտնել է, թե չի հիշում՝ ինչ պատճառով, դեպքից մոտ տասն օր առաջ վիճաբանություն էր եղել իր հորաքրոջ որդի Արմեն Է.-ի և Արման Վ.-ի միջև:

Դեպքի օրը՝ 2015 թվականի փետրվարի 6-ին, ինքը, Արմենն ու վերջինիս ընկեր Հայկը մեքենայով անցնում էին Քանաքեռի 14 փողոցով: Մեքենան կանգնեցրել են, որ Արմենը գնա ծխախոտ գնելու:

Երբ Արմենը ծխախոտը գնել ու դուրս է եկել խանութից, պատահաբար տեսել է, որ փողոցում կանգնած են Արման Վ.-ն, Բագրատ Թումանյանը ու ևս մի տղա: Մոտեցել, սկսել է խոսել նրանց հետ:

Երբ Արմենը խոսում էր Բագրատի հետ, վկա Ռազմիկը մեքենայի միջից լսել է, որ նրանց խոսակցության «տոնը բարձրացավ», Հայկի հետ իջել է մեքենայից ու մոտեցել է: Հրմշտոց է սկսվել:

Ռազմիկը ոչ թե հրմշտոցից, այլ սայթաքելու պատճառով ընկել է, դեմքը «խփվել է ասֆալտին» ու վնասվել է: Ընկել է նաև Արմենը: Ընկած տեղից Ռազմիկը հանկարծ կրակոցներ է լսել, բայց չի տեսել, թե ով է կրակում, ներկաներից ոչ մեկի ձեռքին զենք չի տեսել: Գետնից բարձրացել է, տեսել է, որ Արմենի ճակատին արյուն կար՝ երևի ընկնելուց էր վնասվել: Հայկի հետ Արմենին տարել է մեքենայի մեջ: Սկսել են օգնություն ցուցաբերել, որովհետև Արմենն ուշագնաց էր: Մեքենայի մեջ է Ռազմիկը նկատել, որ Արմենը որովայնի շրջանում հրազենային մեկ վնասվածք ունի:

Երբ մեքենայում օգնություն էին ցուցաբերում Արմենին, Ռազմիկը տեսել է, որ մեքենային է մոտենում նաև Ռուդոլֆ Ս.-ն՝ նույնպես որովայնի շրջանում հրազենային վնասվածքով: Չեն հարցրել՝ ով է կրակել, քանի որ «շոկային» վիճակում էին…

Վկան հայտարարել է, թե նախաքննության ժամանակ հնարավոր է՝ այլ բան ասած լինի, որովհետև իրեն հիվանդանոցից տարել են ոստիկանություն ու ենթարկել են ճնշումների. «Բոլորի հեռախոսների մեջ Բագրատի նկարն էր, ստիպում էին՝ ցուցմունք տամ, թե Բագրատն է կրակել…

Քրեականի աշխատողներն էին ասում՝ չգիտեմ, թե ինչ պատճառով… Երբ քննիչի մոտ ինձ քննում էին, քրեականի աշխատողները մտնում-դուրս էին գալիս, կարդում էին գրածս ու շարունակում էին ինձ ճնշել, ես ճնշման տակ եմ իմ ձեռքով գրել նախաքննական ցուցմունքներս…»:

Նախաքննական ցուցմունքներում վկան մանրամասնություններով նկարագրել էր դեպքը, նույնիսկ ուրիշի ուղղակի խոսք էր մեջբերել: Մեղադրողի հարցին՝ «քրեականի աշխատողները ներկա՞ էին դեպքին, գիտեի՞ն այդ մանրամասները, որ ստիպեին գրել դրանք, վկան պատասխանել է, թե «քրեականի աշխատողները» կռվի պահին դեպքի վայրում չէին, բայց նրանք այդպիսի կռիվներ շատ են տեսել, գիտեն, թե ինչ է կատարվում…

Նախաքննական առաջին ցուցմունքը վկան տվել էր դեպքի հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին, ապա հարցաքննվել էր տևական ժամանակ անց, հետո էլ առերես հարցաքննվել էր Արման Վ.-ի հետ: Բոլոր երեք հարցաքննությունների ժամանակ նա նշել էր, որ զենքը տեսել է Բագրատի ձեռքին ու տեսել է՝ Բագրատը ինչպես է կրակոցներ արձակել:

Վկայի նախաքննական ցուցմունքում արծարծվել է նաև ամբողջ խառնաշփոթի սկզբնական պատճառը:

Արման Վ.-ի կինը աշխատել է խանութում, խանութը ուշ փակվելու, կնոջը աշխատավայրում երկար պահելու համար նա վիճել է խանութի սեփականատիրոջ հետ: Այդ խոսակցությանը միջամտել է Արմեն Է.-ն: Նա նույնիսկ «հավաքել է» Արման Վ.-ի «դոշերը»՝ բռնել է նրա հագուստից՝ ըստ երևույթին՝ իր ասածները ավելի «մատչելի» դարձնելու համար:

Բայց Արման Վ.-ն շատ սրտնեղել է իր «դոշերը հավաքելու»՝ Արմենի համարձակությունից:

«Դոշեր հավաքելու» համարձակության հարցն էլ դրված է եղել քանաքեռյան «ռազբորկայի» հիմքում: Իսկ «Քանաքեռցի Բգոն» պարզաբանմանը մասնակցել է Արման Վ.-ի կողմից, կոնկրետ Բագրատը տվյալ պարզաբանման հետ ընդհանուր բան չուներ, նա որպես «պարզաբանող» էր ներկա գտնվել…

Ըստ վկա Ռազմիկ Թ.-ի նախաքննական ցուցմունքների՝

քննարկել են Արմենի կողմից Արմանի «դոշերը հավաքելու» «իրավաչափության» հարցը:

Արման Վ.-ի ու Բագրատ Թումանյանի հետ մի երրորդ անձ էլ կար պարզաբանման պահին, ում անունը չի տրվել՝ անկախ «ճնշումներից»: «Երրորդ անձը» Արմեն Է.-ին հարցրել է. «Դու Արմանին ճանաչել ե՞ս, որ նրա դոշերը հավաքել ես»:

Արմենը Բագրատ Թումանյանին առաջարկել է «ուրիշներից» առանձնանալ ու խոսել: Նրանք փոքր-ինչ հեռացել են, կարծես խաղաղ ավարտ պիտի լիներ: Բայց նորից ակտիվացել է «երրորդ անձը», ով հարցրել է Արմենին՝ նա «ուրիշ» ասելով՝ ո՞ւմ նկատի ուներ:

Այս հարցից հետո կողմերի միջև, ըստ Ռազմիկ Թ.-ի, սկսվել է խառը կռիվ: Արմանը, Բագրատը ու «երրորդ անձը» իրեն ու Արմենին գետնին են տապալել, իրեն հարվածել են ոտքերով ու ձեռքերով, և ինքը վնասվածքներ է ստացել աչքի ու քթի շրջանում:

Իսկ դատարանում վկան ասել է, թե ընկնելիս դեմքով խփվել է ասֆալտին…

Նախաքննական ցուցմունքում Ռազմիկը նշել է. «Բգոյի աջ ձեռքին կար սև ատրճանակ… Կրակոց եղավ… Արմենը բռնեց որովայնը… Ռուդիկը գոռաց. «Բգո՛, էս ի՞նչ ես անում, ո՞ւմ ես խփում»… Բգոն ատրճանակը ուղղեց Ռուդիկի վրա ու կրակեց… Աղոտ եմ հիշում, մեկը քարով ուզում էր խփել Բգոյին… 3-4 կրակոց է եղել… Մեր ընկեր Գևորգի մայրը, մեզ ճանաչելով, նետվեց օգնության… Մաքսիմում՝ 5-10 րոպե է տևել կռիվը… Ահագին մարդ էր հավաքվել… «Երրորդ անձի» դեմի ատամները դեղին բուլատից էին…»:

Այս գործի քննության ընթացքում պաշտպանական միջոցներ են կիրառվել վկայություն տված անձի նկատմամբ: «Փակ» վկան նշել է, թե դեպքի օրը գտնվել է Քանաքեռ թաղամասում: 14-րդ փողոցի սկզբնամասում 8-10 տղաներ վիճում, քաշքշում էին իրար: Մեկին գցել էին գետնին ու երեք-չորս հոգով ոտքերով հարվածում էին: Ինքը չէր մոտենում, հեռվից էր նայում:

Գետնին ընկած տղան Բագրատն էր: Ինքը նկատել է, որ Բագրատն ընկած տեղից վեր կացավ ու հետ-հետ գնաց: Բագրատին ոտքերով հարվածողներից մեկը վազել է մայթի կողմը, գետնից քար է վերցրել ու քարը ձեռքին վազել է դեպի Բագրատը: Վերջինս գոտկատեղի աջ կողմից աջ ձեռքով հանել է «մի հատ զենք»՝ «պիստալետի նման», ուղղել է այդ տղայի կողմն ու երկու անգամ կրակել է նրա փորի ուղղությամբ: Քարը բռնած տղան կրակոցներից հետո կռացել է: Երկու հոգի մոտեցել են նրան ու տարել են Սարկավագի փողոցի կողմը… Դրանից հետո խառը վիճակ էր…

Կրակոցներից ինքը վախեցել ու մի կողմ է քաշվել, չի նկատել Բագրատի կողմից երկրորդ անձի կրակելու պահը:

Այս գործով վկաների մեծ մասը դատարանում «կորցնում էր հիշողությունը», խուսափում էր դատարան ներկայանալուց: Դատարանը ապացույցները գնահատել է իրենց համակցության մեջ:

Դատարանը հաշվի է առել, որ Բագրատ Թումանյանի խնամքին են երեք անչափահաս երեխաները, Բագրատ Թումանյանը վատառողջ է, բնութագրվում է դրական:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Բագրատ Թումանյանը մեղավոր է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու անձի սպանության փորձի և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Բագրատ Թումանյանը վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի 3 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի մարտի 8-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Բագրատ Թումանյանի շահերի պաշտպան, փաստաբան Վարդան Զուռնաչյանը՝ նշելով, թե Բագրատ Թումանյանը գործի քննության ընթացքում չի ընդունել, որ կրակոցներ է արձակել կամ որևէ առնչություն է ունեցել միջադեպի ժամանակ հնչած կրակոցներին:

Տուժողներն ասել են, թե Բագրատն իրենց վրա չի կրակել… Պաշտպանը պահանջել էր մեղսագրված արարքներում ճանաչել Բագրատ Թումանյանի անմեղությունը և կայացնել արդարացման դատական ակտ:

Իսկ եթե դատարանը հաստատված գնահատի, որ փողոցային միջադեպին Բագրատ Թումանյանը մասնակցել է, ու նրա մոտ եղել է ապօրինի պահվող ատրճանակ, ապա, ըստ պաշտպանի, դատարանը պետք է հաշվի առնի, որ Բագրատ Թումանյանը զենքը հանել ու կրակոցներ է արձակել, երբ նրա վրա կատարվել է հարձակում՝ մեկը քարով է հարձակվել նրա վրա, մյուսը՝ դանակով: Բագրատ Թումանյանն իր կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար է զենքը հանել ու կրակոցներ արձակել: Այս դեպքում պաշտպանի պահանջն էր՝ վերաորակել արարքը, Բագրատ Թումանյանին մեղավոր ճանաչել ոչ թե երկու անձի սպանության փորձի, այլ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարած հանցավոր արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով:

Պաշտպանը խնդրել էր արարքի վերաորակումից հետո իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, նրան իրական ազատազրկման չդատապարտել, այլ սահմանել փորձաշրջան՝ հաշվի առնելով, որ երիտասարդ է, առաջին անգամ է հանցավոր արարք կատարել, վատառողջ է, նրա խնամքին են երեք անչափահաս երեխաները:

Դատարանում պաշտպանը խնդրել է նաև իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը, նրան ազատել պատժի կրումից և ազատ արձակել դատարանի դահլիճում:

Մեղադրող դատախազն առարկել է պաշտպանի վերաքննիչ բողոքի դեմ, այն գնահատել է որպես անհիմն, մերժման ենթակա:

Դատական այս նիստին դատարանը պարզեց, որ կողմերը դատաքննությունը լրացնելու այլ միջնորդություններ չունեն, և հեռացավ խորհրդակցական սենյակ:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպան Վ. Զուռնաչյանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ 12 տարի 3 ամիս ազատազրկումով: Նախագահող դատավոր Ս. Համբարձումյանը հիշեցրեց, որ Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ պատժից կրճատվում է 3 տարին, սակայն դա կարող է արվել, երբ դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Բագրատ Թումանյանը, դատարանի որոշումը լսելով՝ այլայլվեց: Արտաքուստ նա հյուծված ու հոգնած էր երևում, ոչինչ չասաց:

Վերաքննիչ դատարանի որոշումը լսելով՝ Բագրատի կինը անաղմուկ արտասվեց: Նա ասաց, որ 3 անչափահաս երեխաներ ունեն՝ երկու որդի ու մեկ դուստր, կրտսեր որդին 8 տարեկան է… Ըստ կնոջ՝ Բագրատը սիրող հայր է, երեխաները նրան շատ են սիրում, կարոտում են, նրանք դեռ չգիտեն, թե որտեղ է իրականում հայրիկը:

Կնոջ կարծիքով՝ դատական սխալ է տեղի ունեցել, ինքը տարիներ տևած դատական քննության ընթացքում միշտ հարգանքով է վերաբերվել դատարաններին, հույս է ունեցել, որ վեր կհանվեն նախաքննական սխալները: Բայց իր հույսերը չեն արդարացել: Վաղը իր տանից երկու զինվոր են ուզելու, բայց ինչպե՞ս են մեծանալու այդ տղաները առանց հոր… Ըստ կնոջ՝ մարդիկ սպանության համար ավելի մեղմ պատիժ են ստանում, քան իր ամուսինը ստացավ՝ չապացուցված սպանության փորձի համար… «Եթե Բագրատը մի բան արել է, թող օրենքով իր հասանելիք պատիժը ստանա, բայց՝ 12 տարի՞… Ի՞նչ է արել, որ 12 տարով ազատազրկվի… Որտե՞ղ են տուժողները, դատարանները տուժողներին չեն տեսել, տուժողները վաղուց Հայաստանում չեն… Եթե Բագրատը մեծահարուստ լիներ, արդեն կասեին՝ շատ հիվանդություններ ունի, չի կարող պատիժ կրել:

Բայց Բագրատը, իրոք, շատ վատառողջ է, դատարանները դա էլ հաշվի չառան…»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

2019-02-09T22:56:40+04:00February 9 23:16|Իրավական|Comments Off on «Քանաքեռցի Բգոն» «ռազբորկայի» ժամանակ կրակել է երկու երիտասարդի վրա