»»Խաբեությամբ Հայաստանում հայտնված փենջաբցիները Հնդկաստան վերադառնալուց հետո ներկայացրել են կատարվածի մանրամասները

Խաբեությամբ Հայաստանում հայտնված փենջաբցիները Հնդկաստան վերադառնալուց հետո ներկայացրել են կատարվածի մանրամասները

Խաբեությամբ Հայաստանում հայտնված Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր փետրվարի 9-ին վերադարձել են հայրենիք, ներկայացրել են իրենց հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները: Այս մասին հայտնում է DNA India-ն:

Դելիի օդանավակայանում Հայաստանից ժամանող կնոջն ու երեք տղամարդուն դիմավորել է Փենջաբ նահանգը ներկայացնող խորհրդարանական Բագվանտ Մանը, ում էլ Հայաստանում հայտնված փենջաբցիները դիմել էին օգնության խնդրանքով:

Հնդկաստանի Փենջաբ նահանգի բնակիչները Հայաստանում էին հայտնվել տուրիստական գործակալների կողմից իրականացված խաբեության արդյունքում: Գործակալները խոստացել էր հնդիկներին Հայաստանում ապահովել աշխատանքով, սակայն արդյունքում նրանց խաբել էր և թողել անաշխատանք:

Հնդկական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Hindustan times»-ը «5 օր ոչինչ չեն կերել» վերտառությամբ հոդված էին հրապարակել, որտեղ նշել էին, որ Փենջաբ նահանգի 4 երիտասարդներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Հրապարակվել էր նաև տեսանյութ, որտեղ երիտասարդները պնդում են, որ 5 օր հաց չեն կերել, իսկ տանտերը պահանջում է դուրս գալ տնից:

Դեպքի առնչությամբ խոսել էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջը՝ նշելով, որ  Հայաստանում իրենց դեսպանին հաջողվել է կապ հաստատել հնդիկների հետ և աջակցություն տրամադրել նրանց:

Հնդկաստան վերադարձած հնդիկներից մեկը՝  Հարման Ժեթ Սինխը պատմել է, որ դեկտեմբերին Հայաստան են եկել աշխատելու նպատակով: «Չորս օրվա ընթացքում մենք իմացանք, որ մեզ համար որևէ աշխատանք չկաՄեզ ասացին, որ եթե ավելի շատ մարդկանց բերենք Հայաստան, մեզ 50 հազար ռուփի (շուրջ 340 հազար դրամ) կտան»,- պատմել է նա՝ նշելով, որ Հայաստան գալու համար յուրաքանչյուրը տուրիստական գործակալին 400 հազար ռուփի (մոտ 2.7 մլն ՀՀ դրամ) են վճարել:

Մեկ այլ տուժող՝ Շամսեր Սինխն ասել է. «Նրանք գայթակղեցին մեզ ու խոստացան ամսական 40 հազար ռուփի (շուրջ 275 հազար ՀՀ դրամ) աշխատավարձով աշխատանք գտնել: Սակայն երբ եկանք Հայաստան, որևէ աշխատանք չկար»:

Mp Բագվանտ Մանը նշել է, որ տուրիստական գործակալների հարցը մի քանի անգամ բարձրացրել է խորհրդարանում: «Սուշմա Սվարաջը ևս դիմել է կառավարությանը տուրիստական գործակալների համար օրենքը կարգավորելու հարցով: Ինձ հայտնել են, որ նույն գործակալը հունվարի 31-ին ևս յոթ մարդու է ուղարկել Հայաստան»,- հայտնել է նա:

Փենջաբ նահանգի ղեկավար Ամարինդեր Սինխը հայտնել էր, որ համապատասխան կարգադրություններ է տվել իրավապահներին՝ հայտնաբերելու խաբեության մեջ մեղադրվող տուրիստական 6 հնդիկ գործակալներին: Ավելի ուշ Փենջաբի ոստիկանությունը Քափուրթալա քաղաքում ձերբակալել էր նրանցից երկուսին:  Մնացած կասկածյալները ևս հայտնաբերվել են, հետաքննությունը շարունակվում է:

2019-02-09T15:18:24+04:00February 9 15:20|Հասարակություն|Comments Off on Խաբեությամբ Հայաստանում հայտնված փենջաբցիները Հնդկաստան վերադառնալուց հետո ներկայացրել են կատարվածի մանրամասները