», Ֆոտոշարք»Քառօրյայում զոհված զինծառայողի այրին վերադարձել է բանակ՝ ծառայության

Քառօրյայում զոհված զինծառայողի այրին վերադարձել է բանակ՝ ծառայության

Ապրիլյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Գեղամ Մկրտչյանի կինը՝ Անուշ Հյուսնունցը, օրերս վերադարձել է ծառայության:

Անուշը, որն ամուսնու զոհվելուց 7 ամիս անց դուստր էր ունեցել, ծառայության է անցել Ստեփանակերտի զորամասերից մեկում:

«Գեղամի մահից հետո հոգեբանորեն դժվար է նորից բանակ վերադառնալը… աղջիկս արդեն 2 տարեկան է, Ստեփանակերտում ինձ բնակարան են հատկացրել, այդ պատճառով հենց այստեղի զորամասում եմ աշխատում»,- NEWS.am-ին պատմեց Անուշը:

Գեղամն ու Անուշը ծանոթացել էին ծառայության ընթացքում. միասին Մարտակերտի զորամասում էին ծառայում: Ամուսնությունից 6 ամիս անց Գեղամը զոհվել էր՝ այդպես չիմանալով, որ կինը հղի է: 2016թ.-ի նոյեմբերին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը:

«Որպես այրի՝ դժվարությունները շատ են, բայց ես հիմա միայն մտածում եմ աղջկաս պահելու ու մեծացնելու մասին»,- ասաց Անուշը:

Գեղամ Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայության համար» մեդալով, Հայաստանի Հանրապետության «Արիության համար» մեդալով, ինչպես նաեւ` «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, որը Վետերանների միությունը հանձնել էր այրուն` Գեղամ Մկրտչյանի 30-ամյակի օրը:

2019-02-03T11:53:57+00:00February 3 11:53|Հասարակություն, Ֆոտոշարք|0 Comments