Հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ընդունեց Կանադայի Օնտարիո նահանգի հանրային-համայնքային անվտանգության նախկին փոխնարար, ներկայումս Տորոնտոյում գտնվող Մանքի համընդհանուր հարաբերությունների և հանրային քաղաքականության դպրոցի ոստիկանական նախաձեռնությունների ղեկավար, մեր հայրենակից Մեթյու Թորիգյանին։

Մեթյու Թորիգյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրեց տարբեր երկրների իրավապահ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հերթականը նախատեսվում է շուտով կյանքի կոչել, որին կմասնակցեն Հայաստանի իրավապահ կառույցների ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության։ Ծրագիրը կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես և համայնքային ոստիկանության զարգացման նպատակներ է հետապնդում։ Մեթյու Թորիգյանն ընդգծեց, որ ծրագիրը տարբեր երկրների իրավապահներին հնարավորություն է ընձեռում նաև փորձի փոխանակմամբ զարգացնել մասնագիտական գիտելիքները, որոնք, վստահաբար, կկիրառվեն գործնականում։
ՀՀ ոստիկանության պետը ոչ միայն համագործակցության, այլև աջակցության պատրաստակամություն հայտնեց։ Վալերիյ Օսիպյանը հյուրին տեղեկացրեց, որ Հայաստանում համակարգային և տևական պայքար է սկսվել կոռուպցիոն երևույթների դեմ, ուստի անչափ կարևորում է կոռուպցիայի դեմ մասնագիտացված ու պրոֆեսիոնալ գործողությունները՝ հատուկ ընդգծելով, որ կոռուպցիային հակազդելը մերօրյա ոստիկանության գործունեության առաջնային ուղղություններից է։ Հայաստանի ոստիկանության պետը Մեթյու Թորիգյանին ներկայացրեց նաև համայնքային ոստիկանության զարգացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները՝ կարևորելով թաղամասերում համայնքային ոստիկանության հենակետերի առկայությունն ու համայնքային ոստիկան-քաղաքացի կապի ամրապնդումը։
Հանդիպմանը քննարկվեցին առաջիկայում կազմակերպվելիք ծրագրերին, ինչպես և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին առնչվող հարցեր։