Երեկ՝ հունվարի 28-ին հայոց բանակի կազմավորման 27 –րդ ամյակի կապակցությամբ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն այցելեցին Եռաբլուր պանթեոն։ Օրվա ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ շնորհավորական ուղերձներ հղեցին։ Ոմանք էլ շնորհավորական խոսքերով ողողել էին իրենց սոցիալական ցանցերը։ Բանակի օրվա առթիվ շնորհավորեցին անգամ հայոց բանակում չծառայած իշխանության ներկայացուցիչները։

Պաթոսախառն ստատուսներ ձոնեցին նաեւ Երեւանի վարչական շրջանների որոշ ղեկավարներ։ Նրանց թվում էր օրինակ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։ Վերջինիս մասին որեւէ տեղեկատվություն չկա։ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված են վարչական շրջանների ղեկավարների կենսագրական տվյալները։ Դրանցում, սակայն բացակայում է երիտասարդ թաղապետի կենսագրությունը։

Ծառայել է արդյո՞ք բանակում Դավիթ Կարապետյանը հայտնի չէ։

Բանակում չի ծառայել օրինակ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված Թադեւոսյանի կենսագրական տվյալներում, ամեն դեպքում նրա՝ հայոց բանակում ծառայելու վերաբերյալ որեւէ տեղեկատվության չհանդիպեցինք։

Իր մասին որեւէ տեղեկատվություն չի հայտնել նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի սանիկ Վիկտոր Մնացականյանը։

Հայրենիքի հանդեպ իր պարտքը չի կատարել նաեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։

Նորք- Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը, ով ՀՀԿ անդամ է, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի նույնպես հայրենիքի հանդեպ իր պարտքը չի կատարել։

Ավելի վաղ մենք ներկայացրել էինք բանակում չծառայած գործադիրի եւ օրենսդիրի անդամներին։

Irakanum.am