Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է առաջարկներ Արդարադատության նախարարության կողմից մշակված եւ Պաշտպանին կարծիքի ներկայացված՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է քրեականացնել փաստաբանի լիազորությունների իրականացման հետ կապված վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը:

Դրանից բացի, իրականացվել է Պաշտպանին հասցեագրված բողոքների եւ ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրների ամբողջական վերլուծություն: Այդ վերլուծությունների արդյունքներով Պաշտպանը ներկայացրել է նոր առաջարկներ, որոնք կոչված են  պաշտպանելու փաստաբանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտներից:

Նախագծի կարգավորումների հետ միաժամանակ առաջարկվել է նաեւ`

ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաեւ նախատեսել պատիժ ազատազրկման ձեւով.

Վերոնշյալ հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսեւորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:

Մարդու իրավունքների պաշտպանի համար այս խնդիրների լուծումն ունի առանցքային նշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը կանխարգելելու եւ նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելու համար:

Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ դեռեւս 2017 թվականին Պաշտպանի կողմից մշակվել եւ իրավապաշտպան կազմակերպություններին կարծիքի է ներկայացվել համապատասխան նախագիծ, որը տեղադրվել է նաեւ «www.e-draft.am» կայքում.

Նախագիծն ու հիմնավորումները ներկայացվել են Ազգային ժողովին եւ Կառավարությանը:

Կից ներկայացվում է նախագիծը եւ  դրա հիմնավորումը.

http://pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/proposal/a9a369347bd7cfe5fb44fac369e0c849.pdf

http://pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/proposal/bb63dde2e4ab735