Heritage Foundation հետազոտական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը` Index of Economic Freedom, որի համաձայն Հայաստանը 180 երկրների շարքում զբացեղնում է 47-րդ տեղը եւ դասվում չափավոր ազատ տնտեսությամբ երկրների շարքին, առաջ անցնելով ԵՄ անդամ 8 երկրներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նաեւ գրել է. «Կարեւոր է ընդգծել, որ այս տարվա զեկույցի հիմքում ընկած են 2017 թվականի երկրորդ կեսի եւ 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալները:

Զեկույցի հեղինակները նշում են, որ նախորդ կառավարությունը ջանքեր էր գործադրում բարելավելու բիզնես միջավայրը հարկային բարեփոխումների միջոցով, նվազեցնելու կոռուպցիան մաքսային եւ հարկային վարչարարության մեջ եւ բարձրացնելու պետական գնումների թափանցիկությունը, սակայն Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը, արտահանման նեղ բազան եւ մենաշնորհները տնտեսությունը խոցելի են դարձնում հումքի համաշխարհային շուկաների վատթարացումների նկատմամբ:

Այնուամենայնիվ, համեստ դիվերսիֆիկացիան բերել էր զգալի տնտեսական աշխուժացմանը եւ տասնամյակի ընթացքում ուժեղ տնտեսական աճի շնորհիվ Հայաստանում կրճատվել էին աղքատությունն ու գործազրկությունը, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը սահմանափակ էր»: