Մարտիմեկյան ոճրագործության տասնմեկերորդ տարելիցի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը տարածել է հայտարարություն։ Կոնգրեսը մասնավորապես նշում է մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացվեն խնդրի լուծման համար։

Հայատարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Մոտենում է մարտիմեկյան ոճրագործության տասնմեկերորդ տարելիցը։

Տասը տարի շարունակ Հայ Ազգային Կոնգրեսը հետապնդել է մարտիմեկյան դատը՝ դիմագրավելով իշխանությունների հակազդեցությանը և հանցագործությունը պարտակելու ջանքերին։ 2008-ի իրադարձություններից հետո առաջին անգամ մարտիմեկյան զոհերի ոգեկոչման օրը անցնելու է նոր իրավիճակում, երբ իշխանության չէ ոճիրն իրագործած հանցավոր ռեժիմը։ Վերջապես Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որը կարող է պետականորեն ստանձնել ոճրագործության թե իրավական բացահայտումը, թե քաղաքական գնահատումը և թե բարոյական դատապարտումը։

Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի դառնա ազատ, ժողովրդավարական երկիր, քանի դեռ Մարտի 1-ի սպանդը չի դատապարտվել պետական մակարդակով, իսկ բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխանատվության չեն կանչվել և չեն կանգնել արդարադատության առջեւ։

Մենք ողջունում ենք նոր իշխանությունների կողմից ոճրագործության բացահայտմանն ուղղված իրավական քայլերը և արձանագրած առաջընթացը՝ քրեական գործի հարուցումը և հանցագործության հեղինակներին մեղադրանքների առաջադրումը։

Խնդրի ամբողջական լուծման առումով անհրաժեշտ է եւ ժամանակն է, որպեսզի իշխանությունների նախաձեռնությամբ կատարվեն նաեւ հետեւյալ քայլերը.

1. Հիմք ընդունելով ՄԻԵԴ կողմից կայացված եւ արդեն իսկ ուժի մեջ մտած վճիռները՝

— Վերաբացել եւ կրկին քննել մարտիմեկյան իրադարձություններին առնչվող, այդ թվում՝ 2008թ-ի նախագահական ընտրությունների շրջանում եւ մարտի մեկի սպանդից հետո հարուցված բոլոր քրեական գործերը:

— Պատասխանատվության կանչել Մարտի 1-ի գործով իրավապահ եւ դատական մարմինների այն պաշտոնյաներին, ովքեր կատարել են հանցագործություններ արդարադատության դեմ, ինչի արդյունքում հարյուրավոր անմեղ մարդիկ ապօրինաբար ենթարկվել են քրեական հետապնդման եւ պատիժների։

2. Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող այլ գործերով (այդ թվում` հետապնդումների, հալածանքների եւ բռնաճնշումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության համար օրենքով սահմանված բողոքարկումների վաղեմության ժամկետը լրացած լինելու դեպքերում) կիրառել անցումային արդարադատություն, որպեսզի`

— Վերականգնվեն մարտիմեկյան ոճրագործության հետեւանքով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների զանգվածային ոտնահարումից տուժած բոլոր քաղաքացիների իրավունքները, ովքեր պետք է ստանան նաեւ փոխհատուցում՝ կրած բարոյական եւ նյութական վնասների համար։

— Հայտնաբերվեն եւ պատասխանատվության կանչվեն մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում անկարգություններ հրահրելու նպատակով ձեւավորված հանցավոր խմբերի կազմակերպիչներն ու կատարողները։

3. Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 168-րդ եւ 169-րդ հոդվածներով սահմանված լիազորությունները, կառավարության նախաձեռնությամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»  Ռոբերտ Քոչարյանի 01.03.2008թ. հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով:

4. Օրենքով մարտի մեկը սահմանել որպես «2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության եւ բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»՝ կազմակերպելով նաեւ հիշատակի օրվան նվիրված հրապարակային զանգվածային միջոցառումներ։

5. Փոխհատուցումներ տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին եւ մարմնական վնասվածքներ ստացած անձանց։

6. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել իրադարձությունները հիշատակող եւ ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան»։